Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նաև հայտնել էր, որ համաձայնեցվել է 16 հոդվածներից 13-ը։

Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանի ամբիոնից, բացահայտ մեղադրել է Երևանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ժամանակ ձգելու մեջ:

«Մենք ստիպված էինք 70 օր սպասել, մինչ նրանցից ստացանք վերջին տարբերակը։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները դուրս են մնացել խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Նման պարզունակ և ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր»,-դժգոհել է Ադրբեջանի նախագահը։

Խաղաղությանը Բաքվի հանձնառության մասին հայտարարությունների ֆոնին ուշագրավ է նաև Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ Բաքվի թիվ մեկ խնդիրը ռազմական հզորության ընդլայնումն է: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ բոլորովին վերջերս այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարեց ռազմական ծախսերի կրճատման մասին։

«Մեր բոլոր ռազմական գործարաններում արդիականացման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Արտադրվում են նոր սարքավորումներ, տեխնիկա, զենք և զինամթերք»,-ասել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս