Ոսկու գինը պատմական նոր ռեկորդ է սահմանել
Ոսկու գինը հերթական անգամ նորացրել է պատմական առավելագույնը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։
Երևանի ժամանակով ժամը 08:38-ի դրությամբ ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսը Նյու Յորքի Comex բորսայում թանկացել է 8,45 դոլարով կամ 0,32 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 2654,7 դոլարի։ Իսկ դրանից կարճ ժամանակ առաջ թանկարժեք մետաղը սահմանել էր նոր ռեկորդ՝ հասնելով ունցիայի դիմաց 2655,8 դոլարի։
Միևնույն ժամանակ արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը կորցրել է 0,18 տոկոս՝ մեկ ունցիայի դիմաց էժանանալով մինչև 31,442 դոլար։Վերլուծաբաններն առանձնացնում են ոսկու գնի ռեկորդային աճի երկու հիմնական գործոն:
Նախ՝ անցած շաբաթ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը 2020 թվականից ի վեր առաջին անգամ իջեցրել է հաշվադրույքը 0,5 տոկոսային կետով՝ տարեկան մինչև 4,75-5 տոկոս։ Այս ֆոնին ոսկու գները մեկ տրոյական ունցիայի դիմաց կտրուկ բարձրացել են մինչև 2650 դոլար:
Բացի այդ, ոսկի գնի թանկացումը կապված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ։