Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունն անթույլատրելի է. Դավիթ Հարությունյանի փաստաբանական խումբ
Հարգելի գործընկերներ, մամուլի ներկայացուցիչներ,
Հաշվի առնելով ձեր հարցերը՝ տեղեկացնում ենք, որ Դավիթ Հարությունյանի՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ներկայացրած վերանայման դիմումի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) սեպտեմբերի 17-ին իրականացվել է դռնփակ նիստով:
Գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն տրվել է միայն նիստից 48 ժամ անց՝ բազմաթիվ դիմումներ ներկայացնելուց հետո:
Սեպտեմբերի 17-ի նիստի արձանագրումներից հայտնաբերել ենք, որ ԲԴԽ-ն նշել է հետևյալը. «Սահմանադրական դատարանի դիրքորոշման հաշվառմամբ, կարևորելով կարգապահական վարույթների քննության հրապարակայնության ապահովվումը և Սահմանադրական դատարանի կողմից որոշմամբ մատնանշված «ստվերային արդարադատության» կայացման մասին հանրային ընկալումների սերմանումը կանխելու անհրաժեշտությամբ պայմանավորված, միաժամանակ հաշվի առնելով Դիմողի՝ արդեն իսկ դատավորի կարգավիճակ չունենալու հանգամանքը, 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դիմողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ գործը հրապարակայնացնելու արգելք այլևս գոյություն չունի»:
Չնայած այս արձանագրությանը, մեր բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի և լրատվամիջոցների ներկայությունը նիստում թույլատրելու վերաբերյալ, մերժվել են, և գործի քննությունը շարունակում է իրականացվել գրավոր ընթացակարգով:
Այս իրավիճակը հատկապես ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նախորդ նիստում և Ազգային ժողովի ամբիոնից այս գործը բնորոշել է որպես «երկրի համար կարևորագույն գործ» և նույնիսկ ուրախություն հայտնել Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ:
Ակնհայտ է, որ հայտարարություններն ու իրական գործողությունները հակասում են միմյանց:
Մինչ ԲԴԽ-ն հայտարարում է, որ փորձում է վերացնել Սահմանադրական դատարանի արձանագրած խախտումները և ապահովել գործի հրապարակայնությունը, գործնականում դատավարությունը շարունակում է մնալ դռնփակ և գրավոր՝ խոչընդոտելով թե՛ հանրությանը, թե՛ կողմերին նիստին ներկա գտնվելու հնարավորությունից:
Փաստացի, խախտումները վերացնելու փոխարեն դրանք պարզապես արձանագրվում են հայտարարություններով, ինչը ակնհայտորեն հակասում է Սահմանադրական դատարանի որոշման իրական պահանջներին և վկայում է այն կատարելու ցանկության բացակայության մասին:
Մինչ հաջորդ նիստը, որը նշանակված է հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, մենք կշարունակենք պնդել, որ կողմերին և լրագրողներին պետք է տրվի դատական նիստին ներկա գտնվելու իրավունք՝ կանխելու «ստվերային արդարադատության» հերթական իրականացումը։
«Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է:
Փաստաբանական խումբ