Իրանը չեզոքացրել է երկիր ներթափանցել փորձող ահաբեկչական խմբին
Իրանի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Քոմալա» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատար Ռեբվար Քարիմիանին, երբ նա մի խումբ ահաբեկիչների հետ փորձում էր ապօրինի կերպով ներթափանցել Իրան։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ահաբեկիչների միջև բախումներ են տեղի ունեցել. մի շարք ահաբեկիչներ զոհվել և վիրավորվել են, նրանց մոտ առկա սարքավորումներն առգրավվել են։ Ահաբեկիչները փորձել են Իրան մտնել հյուսիս-արևմտյան Քուրդիստանի նահանգի կողմից, որը սահմանակցում է Իրաքին։
Իր հերթին Tasnim գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, նշում է, որ օրեր առաջ Իրաքում տեղակայված ահաբեկիչները սկսել են նահանջել Իրանի հետ սահմանամերձ շրջաններից։ Այդ գործընթացը սկսվել է իրանական կառավարության խնդրանքով, Բաղդադի կենտրոնական կառավարության, Իրանի անվտանգության և քաղաքական գերատեսչությունների հետ համագործակցությամբ։
Աղբյուրները նշել են, որ հակաիրանական քրդական խմբավորումները զինաթափվել են և սահմանին գտնվող ռազմակայաններից տարհանվել ու տեղափոխվել են դեպի Իրաքյան Քուրդիստանի խորքերը։ 2023 թ. մարտին Իրանը և Իրաքը Բաղդադում ստորագրել են անվտանգության շուրջ համաձայնագիր, որը ենթադրում է նաև համակարգում երկու երկրների ընդհանուր սահմանը պաշտպանելու գործում։