Արցախը Հայաստանի իշխանությունը հանձնել է գիտակցված՝ ունենալով հակառակի այլընտրանքը. Էդգար Էլբակյան

Սեպտեմբերի 19-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ալիևին հանձնելու մեկ տարին. ուղիղ մեկ տարի առաջ հենց այս օրն ադրբեջանական զորքը հարձակվեց 10 ամիս շրջափակման մեջ մնացած Արցախի մնացյալ հատվածի վրա, իսկ Արցախի անվտանգության երաշխավոր երկրի՝ Հայաստանի ղեկավարն Արցախում ապրող 100 հազարից ավելի հայի միայնակ թողեց թշնամու դեմ անհավասար մարտում՝ հայտարարելով՝ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, դա Ադրբեջանի ներքին գործն է։

Մեկ տարի առաջ Արցախը հանձնելով Ալիևին՝ Փաշինյանը վերջինիս նվիրեց 12 քաղաք, 241 գյուղ, 13550 տուն, 11450 բնակարան, 60 ֆաբրիկա, 15 գործարան, 200 մշակույթի տուն, 9 մշակույթի կենտրոն, 25 թանգարան, 232 դպրոց, 7 քոլեջ, 4 համալսարան, 11 արվեստի դպրոց, 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2385 խաչքար, ավելի քան 5000 մշակութային հուշարձան, 4 ջրամբար, 5 ջրանցք, 37 հիդրոէլեկտրակայան, 48 հանք և այլ հարստություններ՝ տնազրկելով 100 հազարից ավելի հայի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Էդգար Էլբակյանը, խոսելով Արցախի հանձնման մասին, նշեց՝ խոշոր հաշվով, Փաշինյանն արեց այն, ինչը ծրագրել էր անել նրա քաղաքական կնքահայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը հետո սկսեց քննադատել Փաշինյանին, որովհետև, ըստ նրա, հանձնելուն էլ ձև կար։

Կարդացեք նաև

«Արցախը Հայաստանի իշխանությունը հանձնել է գիտակցված՝ ունենալով հակառակի այլընտրանքը։ Առանց Հայաստանի իշխանության հետ գործակցության, Ադրբեջանը չէր կարող Արցախը հայաթափել։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ դե ֆակտո վարչապետի կողմից օգտագործվող ձևակերպումներին, ապա դրանք պատկանում են նրա հոգևոր հորը, որը ժամանակին ասել էր՝ Արցախը պատրաստ էր ճանաչել Ադրբեջանի կազմում՝ սակայն որոշակի ինքնավարությամբ։ Հետևապես, Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ծագումնաբանական առումով նույն էլիտայի էվոլյուցիան են»,- ասաց Էլբակյանը։

Նրա դիտարկմամբ՝ Արցախի հանձնումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գործ ունենք թուրքական ազգայնական մտածողության հետ, և պատահական չէ, որ ողջ հայաստանյան ազգային շրջանակը Փաշինյանի իշխանությունը համեմատում է թուրքական իշխանության հետ և փաստում՝ 21-րդ դարում Հայաստանում հաստատվել է թշնամական երկրի լուծը։

«Այս մարդիկ չեն սիրում հայկական ազգային իդեան. Արցախը դրա ամենացայտուն մարմնացումն է»,- ասաց քաղաքագետը։

Հարցարզույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս