
ՏԿԵ նախարարության հերթական հրատապ գնումը պետգնումներում ֆավորիտ ընկերությունից

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրերս հերթական հրատապ մեկ անձ ընթացակարգով գնումն է կատարել իր հիմնական մատակարարներից մեկից՝ «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ից։ Պայմանագրի գինը 8 միլիոն 700 հազար դրամ է․ այս գումարի շրջանակում ընկերությունը պետք է ստանձնի Մ-2, Սյունիք, Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների 2-րդ փուլի տեխնիկական հսկողության աշխատանքների պարտավորությունը։
Ըստ պետգնումների armeps համակարգի՝ միայն այս տարի այս ընկերության հետ կնքվել է միլիոնավոր դրամների 25 պայմանագիր․ հիմնական պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, այլ պատվիրատուներն են՝ տարբեր համայնքապետարաններ ու մարզպետարաններ։
«Հալդի Քոնսալթը» պետգնումներում հայտնվել է 2016 թվականից և գնումներ է կատարել հիմնականում բաց ընթացակարգով և ոչ պարբերական հաճախականությամբ, իսկ 2018 թվականից հետո ընկերությունից գնումներն առավել հաճախակիացել են, ավելացել են մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգերով գնումները։