
Դուրովը Telegram-ի հաշվի տվյալները սկսել է տրամադրել ֆրանսիական հատուկ ծառայություններին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը ստիպել է նրան կապ հաստատել Ֆրանսիայի ուժայինների հետ և նրանց տրամադրել տեղեկություն, որը կարող է օգնել նույնականացնել Telegram-ի օգտատերերին, հայտնում է ֆրանսիական Libération-ը։
Ըստ պարբերականի՝ Դուրովի մեսենջերը մինչև վերջերս անտեսում էր իրավապահ մարմինների հարցումները, սակայն այժմ Telegram-ը աննախադեպ համագործակցություն է սկսել ֆրանսիական հատուկ ծառայությունների հետ և պատասխանում է նրանց հարցումներին։
Հարթակը պատասխանել է ազգային ոստիկանության և ժանդարմերիայի անչափահասների գրասենյակի (Ofmin) հարցումներին մի քանի քրեական հետաքննությունների առնչությամբ՝ տրամադրելով տվյալներ, որոնք կարող են օգնել բացահայտել կասկածյալների ինքնությունը: Խոսքը, մասնավորապես, երեխաների դեմ ուղղված հանցագործությունների մասին է։
«Դուռն իսկապես բացվում է», – Libération-ին հաստատել է Փարիզի դատախազության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավար Ժոանն Բրուսը: Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի անվտանգության բոլոր ուժերին խորհուրդ է տրվել վերսկսել հետաքննությունները, որոնք կասեցվել էին Telegram-ից տեղեկություն ստանալու անհնարինության պատճառով։