
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։
Պուտինն ընդգծել է Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների բավական հաջող զարգացումը։
«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք շատ հաջող են զարգանում, ընդ որում, բոլոր ուղղություններով։ Դա վերաբերում է մեր աշխատանքի համակարգմանը միջազգային ասպարեզում, դա վերաբերում է տնտեսական փոխգործակցության, մշակութային և հումանիտար ոլորտի հետ կապված հարցերին», – ասել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացումը կքննարկի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում։
«Այդ ամենը մնում է մեր օրակարգում և, ի թիվս այլ բաների, լինելու է ՉԺՀ նախագահի հետ մեր քննարկումների առարկան Կազանում բազմակողմ և երկկողմ հանդիպումների ժամանակ», – նշել է Վլադիմիր Պուտինը։
Պուտինի և Վան Իի բանակցություններին ռուսական կողմից մասնակցում է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։