Կարծիք է ձևավորվել, թե քաղաքացուց 1,5 տարի է պահանջվում քաղաքապետարանում գործընթաց իրականացնելու համար. Աղաջանյան

Երևանի քաղաքապետարանը գրեթե մեկ ու կես տարի գործընթացի մեջ է եղել, և արդյունքում չի հասցրել այն մի կետի, որտեղ քաղաքացին կարող է դիմել շինթույլտվություն ստանալու համար, ընդ որում մեկ տարի երեք ամիս միայն այս գործը պտտվում է քաղաքապետարանի մի վարչությունից մյուսը, և միայն վերջին մեկ ու կես ամսում քաղաքացուց տեղեկություններ են պահանջել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին։ Նա նշեց նաև, որ տնտեսվարողը, որի մասին խոսում է ինքը, ԱՄՆ-ից Հայաստան է եկել՝ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։

«Խնդիրն այն է, որ ձևավորվել է հանրային կարծիք, որ սա հենց այն ժամանակն է, որ պահանջվում է միջին վիճակագրական քաղաքացուց՝ քաղաքապետարանում որևէ գործընթաց իրականացնելու համար»,–հավելեց Էդուարդ Աղաջանյանը և հարցրեց Գնել Սանոսյանին, թե ի՞նչ է վերջինս կարծում այդ խնդրի մասին։ Հարցին ի պատասխան, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց.

«Հարցը քաղաքապետարանի տիրույթում է, Ձեզ լսեցինք, բայց միգուցե, իրենք որոշակի պարզաբանումներ ունենան, թե տվյալ տնտեսվարողի հետ ինչո՞ւ է հարցն այդքան ձգձգվել։ Հիմա այլ արձագանք չունեմ, կխնդրեմ նիստից հետո փոխանցել գրագրությունը, որպեսզի հասկանանք ինչն է խնդիրը»։

Տեսանյութեր

Լրահոս