Ալեն Ռոբերտովիչը ուշադիր չի հետևել Նիկոլ Վովայևիչի ասուլիսին. Զախարովայի սուր արձագանքն Ալեն Սիմոնյանի հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին խորհուրդ է տվել մտածել այն մասին, թե ինչպես կազդի ՀՀ սահմանի բացումը երկրի անվտանգության վրա՝ տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորման բացակայության դեպքում։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հնարավոր հաձնումը չի խախտի Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ ամեն ինչ ընթանալու է Հայաստանի օրենքների շրջանակներում, ՀՀ դրոշի ներքո։ Որպես օրինակ՝ Սիմոնյանը հիշեցրել էր, որ այսօր Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահներ են կանգնած, և այդ հարցում էլ մտածելու բան կա։
«Մեր կարծիքով, եթե մտածենք հանրապետության սահմաններին ռուս սահմանապահներ ունենալու նպատակահարմարության մասին, ապա պետք է հաշվի առնենք, թե սահմանի բացումն ինչպես կազդի երկրի անվտանգության վրա՝ տարածաշրջանում ամբողջական կարգավորման բացակայության դեպքում»,- ասել է Զախարովան ՝ մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունը։
Զախարովան հիշեցրել է, որ սահմանապահների գործունեությունը կարգավորվում է 1992 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և Հայաստանի տարածքում դրանց գործունեության մասին երկկողմ համաձայնագրով։
Նա հավելել է, որ փաստաթուղթն անժամկետ է, և ռուս սահմանապահներն ավելի քան 30 տարի պաշտպանում են Հայաստանի սահմանները՝ կանխելով ապօրինի սահմանահատումները և թմրանյութերի ապօրինի շրջանառության փորձերը։
«Սահմանային ծառայությունների միջև լայնածավալ և արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել, ինչը, ըստ երևույթին, նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչների»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան նաև խորհուրդ է տվել նրանց, ովքեր փորձագետ չեն, բայց ազատորեն արտահայտում են իրենց տեսակետը, խոսքը տալ նրանց, ովքեր իրենց կյանքն են դնում այդ ամենում:
«Նրանց, ովքեր իսկապես հսկում են Հայաստանի սահմանը՝ ոչ թե աթոռներին նստած, այլ զենքը ձեռքին… Գուցե նրանք իրենց խոսքը կասեն»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ սահմանապահները ՀՀ սահմաններին տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ ի շահ ՀՀ սահմանապահ զորքերի հետևողական ձևավորման:
2024 թ. օգոստոսի 1-ին ռուսական կողմը պաշտոնապես դադարեցրեց ՀՀ «Զվարթնոց» օդային անցակետում ՀՀ պետական սահմանի պահպանության ապահովման գործառույթը:
Դրա հիմքը հայկական կողմի` 2024թ. մարտի 1-ի թիվ 5/894 կ համապատասխան դիմումն է։