«Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ». վեճ՝ Արման Եղոյանի և Արմեն Գևորգյանի միջև

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստում քննարկվեց ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև հաղորդակցությունը և համագործակցությունն իրականացնելու նպատակով:

Եվրաջասթն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ Համագործակցության հարցերով մագիստրոս:

Քննարկմանը հանձնաժողովի անդամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն ասաց, որ ձևակերպում կա «Հայաստանը պետք է նշանակի ահաբեկչության հարցերով համակագող» և հետաքրքրվեց, թե ի՞նչ է սա նշանակում։

Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց. «Պարոն Գևորգյան, դուք գիտեք դա ինչ է։ Իսկապես չի կարելի օգտագործել հայոց շատ ճոխ լեզուն, հայոց լեզվի բառերի բազմիմաստությունը, վերցնել ու նման բան ասել։ Տգեղ է, ձեզ չի սազում։

Այսինքն, ահաբեկչական հանցագործությունների վերաբերյալ Հայաստանի կողմից տեղեկատվության կոնտակտ անձ, այդքան բան։ Պարզ չէ՞։

Պարոն Գևորգյան, ավարտեք, խնդրում եմ, ձեր ժամանակը սպառվել է։ Սա լուրջ չէ։ Չի կարելի»,- ասաց Արման Եղոյանը։

Այնուհետև նշեց. «Պարոն Գևորգյան, դուք քննարկումը վերածում եք հեգնանքի ու ծաղրանքի»։

«Հիմա, եթե հետ տանք ձայնագրությունը ու եթե պարզվի, որ ես այդ ինտոնացիայով այդպիսի հարց չեմ տվել, ակնկալում եմ ձեր ներողությունը։ Ես ընդամենը հարցրեցի նման ձևակերպում կա և ի՞նչ է նշանակում»,- ասաց Արմեն Գևորգյանը։

Արման Եղոյանն էլ քննարկման ընթացքում հորդորեց Գևորգյանին չընդհատել իրեն:

«Մի հատ կլռեք ու լսեք ինձ, դուք ընդհատում եք ինձ: Կլսե՞ք ինձ, մի ժամ է՝ խոսում եք, ուրիշ որևէ ձևաչափով այսքան չէիք կարող խոսել, ո՛չ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում, ո՛չ էլ որևէ այլ հանձնաժողովի նիստում, նիստի կեսը դուք եք խոսել»,-ասաց Եղոյանը:

Արձագանքելով՝ Արմեն Գևորգյանն իր հերթին ասաց. «Դուք Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ»:

Նշենք, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Հիմնական զեկուցողը Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն էր:

News.am

Տեսանյութեր

Լրահոս