Պատերազմի մասին կար հետախուզական տվյալներ, բայց իշխանությունը համարժեք չգործեց. Տիգրան Աբրահամյան

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրը իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովի ժամանակ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմումհայկական կողմի պարտության ռազմաքաղաքական բաղադրիչները:

Աբրահամյանը նշել է, որ պարտության հիմքում առաջին հերթին այն է, որ ՀՀ իշխանությունները, Թուրքիայի և Ադրբեջանի՝ Արցախի դեմ ակնհայտ նախապատրաստվող հարվածի պայմաններում, չեն գործել իրադրությանը համահունչ և երկիրը ժամանակին խաղաղից ռազմական ռելսերի չեն բերել, ինչն ազդել է ռազմական գործողությունների վրա, հանգեցրել ծանր հետևանքի, ջարդել պետության և բանակի ողնաշարը:

«Հենց միայն այս պատճառը բավական էր, որ Ադրբեջանը պատերազմում հաջողություն գրանցեր»,-ընդգծել է նա՝ հիշեցնելով հուլիսյան մարտերից հետո թուրք-ադրբեջանական զորավարժությունների, ինչպես նաև Ադրբեջանում հայտարարված մեծամասշտաբ զորահավաքների մասին:

Հավելենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:
Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։

Կարդացեք նաև

Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

«ՌԴ արտաքին հետախուզության պետը հետագայում հաստատեց նաև այն տեղեկությունները, որ տարբեր երկրներից վարձկաններ են տեղափոխվում արցախյան ճակատ: Այսինքն՝ քաղաքական, դիվանագիտական, քարոզչական և ռազմական տեսանկյունից պատերազմից առաջ վերջին 2-3 ամիսներին ակնհայտ գնում էին այդ պրոցեսները»,-շարունակել է Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ խորհրդարանում Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ հետախուզական ծառայությունները ՀՀ-ին նման տեղեկություն են փոխանցել, որ մեծ է պատերազմի հավանականությունը:

Նշենք, որ Փաշինյանն ասել էր, որ սեպտեմբերի 25-ին նման տեղեկություն է ունեցել:

2023 թվականին Քննիչ հանձնաժողովում էլ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր. «ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»:

Իսկ Տիգրան Աբրահամյանը հրավիրված համաժողովում նկատել է, որ պատերազմը պետությունն է վարում, և քանի որ դրան պատրաստ չենք եղել, ուստի, ըստ Աբրահամյանի, «առաջին փուլում, ճիշտ է, կխուսափեինք մարդկային և սպառազինության էական կորուստներից, բայց վերջնարդյունքում կունենայինք նույն իրավիճակը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս