Ո՞վ է տեսել՝ միջնորդը մեզ մեղադրանք ներկայացնի, բայց մենք գնանք ասենք՝ արի միջնորդություն արա
«Սկզբունքորեն մենք չենք բացառում միջնորդություն»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հավասարապես բացառո՞ւմ է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի միջնորդությունը, և արդյո՞ք ՀՀ-ն ճնշումների է ենթարկվում կոմունիկացիաների բացման գործընթացում։
Փաշինյանն ասաց, որ այնպես չէ, որ իրենք սկզբունքորեն բացառում են որևէ միջորդություն, ամեն հարց պետք է դիտել իր կոնտեքստի մեջ, և որևէ միջնորդություն ընդունել-չընդունելու մեջ չի հարցը, այլ դրա ՕԳԳ-ն քննարկելու։ «Նույն մեր վերջին շփումների ժամանակ, երբ կար հավանականություն, որ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգը կստորագրվի, այդ իրավիճակում ես հստակ ասել եմ, որ միջնորդության անհրաժեշտություն չկա։ Այդ պահին, եթե որոշեինք, որ միջնորդ ենք ներգրավում, ամբողջ գործընթացն առնվազն անորոշ ժամանակով կհետաձգվեր»,- նման կարծիք հայտնեց Փաշինյանը։
Շարունակելով՝ նա ասաց, որ որևէ միջնորդություն չի բացառում, սակայն նաև նշեց, որ դա կախված է տասնյակ հանգամանքներից, դրանք պետք է գնահատել։
«Մյուս կողմից՝ պետք է ուղիղ ասեմ՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում, որպես միջնորդ, հանդես գա մի երկիր, որը հանդես գա այդ թեման սաբոտաժի ենթարկելու մեջ։ Այդ հայտարարությամբ արդեն, նման հայտարարություն անող ինստիտուտն իրեն դուրս է դնում բոլոր հնարավոր միջնորդություններից, որովհետև որտե՞ղ եք տեսել, որ միջնորդը մեղադրանք ներկայացնի, ընդ որում, բացարձակապես անհիմն, վերջում մենք գնանք-նստենք, ասենք՝ արի միջնորդություն արա»,- ասաց Փաշինյանը՝ ուղիղ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած հայտարարությանը, թե ռեգիոնալ կոմունիկացիաների բացման հարցը սաբոտաժի է ենթարկում ՀՀ-ն։
Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի՞նչ ճնշում պետք է լինի, եթե իրենք են ցանկանում կոմունիկացիաները բացել։
«Դուք նշեցիք Միջին միջանցքի մասին, մենք դրա վերաբերյալ որևէ նեգատիվ ընկալում չունենք, որովհետև Խաղաղության խաչմերուկը կարող է լինել Միջին միջանցքի մաս, որովհետև այդ նախագծերը մասշտաբով այնքան մեծ են, որ դրանք մեկ բաղադրիչից չեն բաղկացած, մենք շահագրգռգված ենք, որ կոմունիկացիաները բացվեն, մենք բացառում ենք միջանցքային տրամաբանությունը։ Պետք է հասկանանք, որ շատերը «միջանցք» ասելով՝ տարբեր բան են հասկանում, ուստի մենք Խաղաղության խաչմերուկում սկզբունքները նշել ենք»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, որ Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության հետ կապված՝ պատրաստ են տրամադրել ճանապարհներ՝ օդային ճանապարհ տրամադրում են, ավտոմոբիլային ճանապարհ պատրաստ են տրամադրել, երկաթուղային ճանապարհ պատրաստ է տրամադրել սկզբունքների հիման վրա։
Նա նաև նշեց, որ հասկանում է՝ Ադրբեջան-Նախիջևան, այսինքն՝ Ադրբեջան-Ադրբեջան կապն ունի առանձնահատկություններ, և իրենք պատրաստ են դա հաշվի առնել, բայց առանց նսեմացնելու, որևէ ձևով կասկածի տակ դնելու ՀՀ ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը և ՀՀ տարածքում անվտանգություն ապահովելու՝ ՀՀ պարտականությունը։
Լրագրողի արձագանքին, թե ՀՀ-ն ինքնուրույն կարո՞ղ է այդ անվտանգությունն ապահովել, Փաշինյանը նշեց, որ կարող ենք, սակայն նաև ասաց, որ կարող են լրացուցիչ մեխանիզմներ նույնպես ունենալ։ «Գիտեք, որ ՀՀ ԱԱԾ-ում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի սահմանադրական խնդիրներից է նաև այդ հարցի լուծումը, բայց մյուս կողմից նամանավանդ օրենսդրական բարեփոխումների տրամաբանության մեջ անվտանգության ապահովման լրացուցիչ գործառույթներ կարող են իրականացնել ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող պահնորդական կազմակերպությունները»,-ասաց Փաշինյանը, շարունակելով, որ իր իշխանությունը կամաց կամաց պետական այդ ֆունկցիան պատվիրակում է մասնավոր ընկերություններին, որոնք կարող են ներգրավվել, որպես նաև տնտեսության զարգացման խթան։ «Մենք այս գաղափարները թափանցիկ կերպով կիսել ենք։ Եվ իմ կարծիքով, ընկալումը դրական է և դրական պետք է լինի, իսկ ինչու պետք է լինի բացասական։ Եվ Հայաստանում, և Ադրբեջանում, և Ռուսաստանում, իսկ ի՞նչն է ասվածի մեջ սխալ կամ անտրամաբանական»,-ասաց նա։