«Սպասեք աշնանը». Ալբերտ Բազեյան
Պահեստազորի գնդապետ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի խոսքով՝ իրենք աջակցել ու աջակցելու են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից իրականացվող հանրային միջոցառումներին։ Դրա վերաբերյալ իրենց կողմից եղել է նաև հայտարարություն։
«Մենք նաև նշել ենք, որ աննպատակահարմար է Նիկոլ Փաշինյանի անվստահության հարցի քննարկումը գործող ԱԺ-ում։ Այս ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի բացահայտ մեծամասնություն, և նրանք անվստահություն չեն հայտնի իրենց կողմից ընտրված ղեկավարին։ Դրա համար, երբ Բագրատ սրբազանը ոտքի էր հանել ժողովրդին՝ 70 հազարից ավելի քաղաքացիների, նա չպետք է ասեր, որ կես ժամ են տալիս, որպեսզի Նիկոլը հրաժարական տա, նա հրաժարական չտվեց։ Հետո էլ հայտարարում է, որ գնում են ԱԺ-ի մոտ՝ քննարկելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը, հանրությունը տեսնում է, որ այդպես ոչինչ չի ստացվում։ Հունիսի 12-ին էլ հարձակվեցին ժողովրդի վրա, 90-ից ավելի քաղաքացիներ վնասվեցին ու վիրավորվեցին։ Աբրահամ Գասպարյանի գլուխը ջարդվել էր, ՔՊ-ականները հայտարարում էին, թե նա ներկ է լցրել իր գլխին. նման տափակ հայտարարություններ։
Հետո ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ, ոչ թե իշխանությանը հանդարտության կոչ արեց, քանի որ անթույլատրելի միջոցներ էր կիրառել ժողովրդի նկատմամբ, այլ ժողովրդին կոչ արեց՝ հանգիստ նստեն իրենց տեղն ու չափը չանցնեն»,- այսօր հրավիրված հրատապ ասուլիսում նշեց Ալբերտ Բազեյանը։
Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, ապա, ըստ Երևանի նախկին քաղաքապետի, Բագրատ սրբազանը տարբեր տեղերում հանդիպումներ է ունենում, նրան իրենք որևէ ձևով չեն խանգարում, պահեստազորի սպաներից մի խումբ տղաներ մասնակցում են այդ միջոցառումներին։ Սակայն ամռանը որևէ շարժում զարգացնել ու առաջ տանել, Ալբերտ Բազեյանի կարծիքով՝ հնարավոր չէ։
«Սպասեք աշնանը, փորձենք համաժողով անել, ձևավորել համախմբում և ներկայացնել հանրությանն այլընտրանքային քաղաքական ուժ։ Ես հանդիպում եմ տարբեր քաղաքական ու հանրային գործիչների հետ, համոզում եմ նրանց, որ պետք է համախմբվել, այդ թվում՝ միավորել սփյուռքի մեր հայրենակիցներին և համախմբել մեկ գաղափարի շուրջ՝ հզորացնել Հայաստանն ու բանակը և ազատագրել Արցախը։ Մենք չենք կարող համակերպվել Արցախի կորստի հետ»,- հավելեց նա։
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում իշխանափոխությունը, փողոցով իշխանափոխություն իրականացնելու մի քանի փորձ եղել է, հավատո՞ւմ է այդ տարբերակին, Ալբերտ Բազեյանը հստակ պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանին հաջողվեց փողոցով վերցնել իշխանությունը, ինչո՞ւ մեզ չպետք է հաջողվի»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: