Հերթական սկանդալը. շենգենյան վիզաների աղմկահարույց պատմությունն ու ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման բանակցությունները․ ի՞նչ սպասել
Հայաստանում շենգենյան վիզաներ ստանալու գործընթացի առնչությամբ հերթական սկանդալն է հասունացել։
Ինչպես հայտնի է, հետքովիդյան ժամանակաշրջանում էականորեն բարդացել է ԵՄ անդամ երկրների դեսպանատներում ազատ օր ու ժամ ամրագրելը և վիզայի ստացման գործընթացը, այսինքն՝ բարդացել է՝ ինչպես վիզայի ստացման անհրաժեշտ ընթացակարգերը կազմակերպելու, այնպես էլ՝ վիզայի ստացման գործընթացը, քանի որ մերժումների քանակը ևս էականորեն ավելացել էր։
Համապատասխան դիվանագետները սա բացատրում են քովիդի բարդ ժամանակաշրջանով, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմերի կրճատմամբ: Քովիդի տարածման թեժ փուլն ավարտվել է, սակայն շենգենյան վիզայի հետ կապված բարդությունները չեն վերանում՝ հատկապես այն փուլում, երբ Հայաստանն ու Եվրոպական միությունը պատրաստվում են սկսել վիզային ազատականացման շուրջ բանակցությունների երկարատև ուղին։
Փաստը, որ բանակցություններ սկսելն այս հարցով հաստատվել է ԵՄ անդամ երկրների դեսպանների, այսինքն՝ անդամ բոլոր երկրների մակարդակով, թույլ էր տալիս հուսալ, որ վիզայի ստացման հետ կապված բարդացված գործընթացները փոքր-ինչ կկարգավորվեն։
Նախօրեին, սակայն, ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար մեծ իրարանցում է բարձրացրել համացանցում և փորձագիտական հանրության շրջանում։ Սա ըստ էության այն բացառիկ դեպքերից է, երբ ՀՀ գերատեսչությունը ստեղծված խնդրահարույց իրավիճակի համար մեղադրում է հենց ՀՀ քաղաքացիներին։
Նախ ներկայացնենք, թե ինչ հաղորդագրություն տարածեց նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն, այն վերնագրելով «Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար»։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, նախարարությունը ստանում է դիմումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, բայց տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։
Փորձելով քննարկել և պարզել առաջացած խնդիրը, ՀՀ ԱԳՆ-ն եկել է այս մի շարք եզրակացություններին։
«Քաղաքացիների մուտքն առանձին երկրներ արգելվում է այն պատճառով, որ Շենգենյան վիզա ստանալու ժամանակ՝ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է։
Պայմանական օրինակ. Շենգենյան վիզա ստանալու դիմում-հարցաթերթիկում նշվել է 10 օրով Բուլղարիա մեկնելու նպատակ՝ ներկայացնելով ինքնաթիռի տոմսի և հյուրանոցի ամրագրում, սակայն հետագայում պարզվել է, որ տվյալ անձը պատրաստվում է Բուլղարիայում գտնվել 3 օր, ապա 7 օրով մեկնել Իտալիա կամ Շենգենյան գոտու այլ երկիր։
Այցելության նպատակի նմանատիպ փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է՝ որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն։
Հարկ է նշել, որ Շենգենյան վիզայի առկայությունն անվերապահ իրավունք չի տալիս օտարերկրացուն մուտք գործել Շենգենյան գոտի։
Անձնագրային հսկողության ժամանակ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են այցի նպատակը, ինչպես նաև կարող են ստուգվել բավարար ֆինանսական միջոցների առկայությունը, հյուրանոցի ամրագրման վճարված և ուժի մեջ լինելու հանգամանքը, դուրս գրված (վճարված) հետ վերադարձի ինքնաթիռի տոմսի, այլ երկրներ ճամփորդելու վերաբերյալ հնարավոր տեղեկությունների առկայությունը և այլն։
Ստուգողական նման գործողություններն առավելապես բնորոշ են այն երկրներին, որտեղ միգրացիոն ռիսկերը գնահատվում են բարձր»,- գրում է ԱԳՆ-ն։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հորդորել էր նաև հիշել, որ վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել Շենգենյան գոտու այն երկրի դեսպանությանը, որտեղ նախատեսվում է այցելությունը, իսկ մի քանի երկրներ այցելելու դեպքում՝ հիմնական (առավել երկար ժամկետով) այցելության երկրի դեսպանությանը։
«Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Շենգենյան վիզա ստանալուց հետո՝ այցելության նպատակի, երկրի, ժամկետների և այլ պայմանների ցանկացած անհամապատասխանություն կամ հետագա չհիմնավորված փոփոխություն կարող է հանգեցնել Ձեր մուտքը տվյալ երկիր արգելելուն և տրված վիզան չեղարկելուն՝ ինչպես սահմանին, այնպես էլ՝ նախքան մեկնումը։
- Օտարերկրյա պետություններ մեկնող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նախապես ուսումնասիրել տվյալ պետության միգրացիոն կանոնները, հստակ գնահատել դրանք խախտելու ռիսկերը և հնարավոր բացասական հետևանքները։
- Հավաստի տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ ենք տալիս օգտվել միայն տվյալ երկրի պաշտոնական այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են արտաքին գերատեսչության, դեսպանությունների, միգրացիոն ծառայության կայքերը և այլ պաշտոնական հարթակները»,- ասված էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները ստանալով շենգենյան վիզաներ, այնուամենայնիվ չեն կարող վիզայից օգտվել լիարժեք, ՀՀ քաղաքացիների համար ստեղծվել են հավելյալ բարդություններ, և դա լիովին ընկալելի ու ընդունելի է ՀՀ ԱԳՆ-ի համար՝ այն դեպքում, երբ ՀՀ ԱԳՆ-ն պետք է ապահովի ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը մի իրավիճակում, երբ նրանք իսկապես դրա կարիքն ունեն և չեն կարողանում օգտվել վիզայից լիարժեք՝ բախվելով խնդիրների։ Եվ սա այն դեպքում, երբ հատկապես վերջին տարիներին ՀՀ քաղաքացիները բազմիցս ահազանգել են շենգենյան վիզաների շուրջ ստեղծված տարբեր խնդիրների մասին:
ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն՝ ՀՀ ԱԳՆ-ն հիմք է ընդունում ԵՄ որոշ երկրների փաստարկները և սահմանափակումները, ՀՀ քաղաքացիներին հորդորներ ուղղելով։ Սա ամենևին չի նշանակում, թե չպետք է հարգել յուրաքանչյուր երկրի կանոններ կամ իրականացնել օրենքից դուրս քայլեր, սակայն խնդիրն այն է, որ տևական ժամանակ ՀՀ քաղաքացիների համար ստեղծվում են լուրջ խոչընդոտներ, կիրառվում են սահմանափակումներ, և մտահոգիչն այն է, որ սա արվում է այն երկրի հանդեպ, որի հետ ԵՄ-ն պատրաստվում է սկսել վիզային ազատականացման բանակցություններ։
Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկին զուգահեռ, իհարկե, գործընթացները պետք է ոչ թե բարդանան, այլ դյուրացվեն։ Ըստ նրա, այս առումով կարևոր է իմանալ՝ յուրաքանչյուր երկրի և այդ երկրից ԵՄ մեկնող քաղաքացիների վերաբերյալ ԵՄ-ն ունի որոշակի «կարծիք», հաշվի առնելով խախտումների պատմությունը ԵՄ անդամ բոլոր երկրներում, ուստի առաջնորդվում է այդ կարծիքով՝ դրան համապատասխան որոշումներ կայացնելով։
«Մի երկրի դեպքում գուցե ամեն բան արագ ու առանց բարդությունների է կազմակերպվում, իսկ մեկ այլ երկրի դեպքում՝ ոչ։ Պետք է հստակ հասկանալ, թե ի՞նչ դեպքերով են առաջնորդվում ԵՄ երկրները, սակայն նկարագրվածը շենգենյան վիզայի տրամադրման խիստ ձև է, երբ յուրաքանչյուր երկրի հետ առանձին պետք է հաղորդակցվել։ Այս ամենում, իհարկե, իր էական նշանակությունն ունի այն, որ ԵՄ-ում կա միգրացիոն ճգնաժամ, սակայն նման իրավիճակը բանակցությունների մեկնարկին դրական նշան չէ և առանց այն էլ երկարատև բանակցությունները գուցե երկարաձգվեն և հավելյալ կարգավորումներ կամ ՀՀ-ի կողմից երաշխիքներ պահանջեն։ Սակայն սովորաբար, եթե բանակցությունները սկսվում են, ապա մի քանի տարի անց հաջողությամբ ավարտվում են, սակայն չկա որևէ երաշխիք, որ չեն լինի խնդիրներ, և նման իրավիճակն այս փուլում, ինչպես ասացի, այնքան էլ դրական հանգամանք չէ»,- ասաց վերլուծաբանը։ Նրա կարծիքով, սա ենթադրելու է բարդ աշխատանք՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ՝ առանձին մի շարք երկրների հետ, որոնք հատկապես հաճախ են խիստ միջոցներ կիրառում։
«Վիզային ազատականացման գործընթացը երկուստեք բարդ համաձայնեցումների ու փոփոխությունների գործընթաց է, երկու կողմից էլ պահանջվում են քայլեր և ցանկություն բանակցությունները դրական հանգրվանի հասցնելու տեսանկյունից։ Վրաստանը ևս որոշակի ճանապարհ անցավ այդ գործընթացին հասնելու համար, նույնն Ուկրաինան և Մոլդավան, որոնցից յուրաքանչյուրն իր առանձին պատմությունն է ունեցել։ Սակայն այս առումով ԵՄ-ն, իհարկե, խիստ է՝ հաշվի առնելով ճգնաժամը և այն, որ որոշումները կայացվում են ԵՄ անդամ բոլոր երկրների համար»,- նկատեց վերլուծաբանը։