Իշխանությունների կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետևանքով զիջվում են ազգային կենսական շահերը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

Ուղիղ 34 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով պաշտոնապես սկիզբ դրվեց Հայոց անկախ պետականության կայացման գործընթացին, սահմանվեցին պետականության զարգացման ուղենիշները։

1990 թ․ օգոստոսի 23-ի փաստաթուղթը սահմանում է ազգային պետություն կառուցելու տեսլականը՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, ազգային բանակ, խոսքի, մամուլի, խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունք, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում, կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։

Հայաստանի Հանրապետության գերակա հանձնառություններում ամրագրվեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հետապնդելու հաստատակամությունը: Ըստ էության, Անկախության հռչակագիրը հայտարարում և ուղենշում է նորանկախ Հայաստանի ազգային պետականություն կառուցելու հավատամքը, ճշտում իր համազգային հավակնություններն ու իդեալները, սեփական անվտանգության և ինքնիշխանության բանաձևն ու տեսլականը:

Այսօր Հայոց պետականությունը գոյութենական մարտահրավերներ է դիմագրավում, իշխանությունների կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետևանքով զիջվում են ազգային կենսական շահերը, Անկախության հռչակագրով ամրագրված հանձնառությունները, թշնամու պատկերացումներով վերաձևվում է ապագայի մեր տեսլականը: Անկախության հռչակագիրը մեր համազգային պատմական երթի կարևորագույն հանգրվանն է, արժանապատիվ և կենսունակ պետականութուն կառուցելու մեր հավատամքը, որին պարտավոր ենք անզիջում լծվել ազգովին:

Օրվա առիթով շնորհավորում ենք հայ ժողովրդին և վստահություն հայտնում, որ համազգային ուժերով կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Տեսանյութեր

Լրահոս