
Ռայիսիի կինն ամուսնու մահից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել և քննադատել Արևմուտքին

Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի այրին՝ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան, քննադատել է արևմտյան ԶԼՄ-ներին՝ հայտարարելով, որ Արևմուտքը Իրանի վախեցնող կերպար է ստեղծել մեդիայի միջոցով:
Ալամոլհոդան կարծում է, որ աշխարհը գնում է դեպի բարոյական ոչնչացում։ Նրա կարծիքով` այնպիսի հակամարտություններ, ինչպիսին Գազայի հատվածում ընթացող պատերազմն է, չէին լինի կամ ավելի արագ կլուծվեին, եթե աշխարհն ավելի բարոյական դառնար:
«Արևմուտքը ցանկանում է, որ մեր երիտասարդությունը կորցնի վստահությունը մեր հանդեպ․.. Արևմտյան լրատվամիջոցները ստեղծել են Իրանի սարսափելի, վախեցնող իմիջ․..
Նրանք սխալ են ներկայացրել մեր բոլոր գործողությունները, շեշտը դրել են մեր հագուստի և հիջաբի վրա», – RT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է բոլորին պարտադրել իր կանոնները և հետապնդում է նրանց, որոնք հրաժարվում են դրանց հետ համաձայնելուց, այդ թվում՝ Իրանին:
Ռայիսիի այրու խոսքով` Իրանում աշխատող այլ արտասահմանյան լրատվամիջոցներ ավելի ճիշտ և ազնվորեն են նկարագրում երկրում տիրող իրավիճակը: Ալամոլհոդան խոստովանել է, որ իրեն դուր է գալիս RT-ի քաղաքականությունը, և այն առաջին լրատվամիջոցն է, որին համաձայնել է հարցազրույց տալ Ռայիսիի մահից հետո: