Բաժիններ՝

Փաշինյանը չունի տրամաբանություն. ծաղիկով պարենային անվտանգության հարց կարո՞ղ եք լուծել. Հարություն Մնացականյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը գնացել էր Արարատի մարզ, Լուսառատ գյուղում հանդիպեց մի քանի բնակիչների հետ, խոսեց գյուղատնտեսությունից։

Նիկոլ Փաշինյանը գյուղացիներին խորհուրդ տվեց մշակվող խաղողի սորտերը փոխել, սկսել մշակել գինու սորտեր։

«Աշխարհն ու իրադրությունը փոխվել է, գյուղատնտեսությունն էլ շուկային համարժեք պետք է փոխվի։ Էսօրվա հարաբերություններում պետությունը ո՛չ առնող է, ո՛չ ծախող։ Տարիներով ձեզ խնդրում ենք, ասում ենք, որ խաղողագործներով հավաքվեք, ստեղծեք մի միություն, որ ընդունողների հետ կարողանաք միաձայն խոսել։

Ես ձեզ ասում եմ՝ այսպես պիտի լինի, դուք ասում եք՝ մեռնեմ քեզ, չի լինի, եկեք տեղերով փոխվենք, եկեք ու ասեք՝ ինչ անենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և բնակիչներից մեկին իր կանգնած տեղը կանգնեցրեց, ինքն էլ գնաց, բնակչի տեղը կանգնեց։

Կարդացեք նաև

Առհասարակ գյուղատնտեսությունը շուկային համարժեք զարգացնելու համար պետությունն ի՞նչ անելիքներ ունի, թե՞ այդ խնդրի լուծումը Հայաստանում դրված է միայն հողը մշակող գյուղացու վրա։

Գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը շուկային համարժեք զարգացնելու համար, առանց պետության գործողությունների հերթականության, չի կարող կազմակերպվել։

«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ գյուղատնտեսությունը պետք է շուկային համարժեք զարգացնել, ստեղծե՞լ է սելեկցիոն կայաններ, ծիրանի սելեկցիա արե՞լ է, որպեսզի ծիրանի բերքը 1 հեկտարից 40 տոննա ստացվի, որպեսզի շուկայում կարողանան համապատասխան գնով մրցակցեն ուզբեկական ծիրանի հետ։

Ունե՞նք անասունի այնպիսի սորտ՝ խոշոր և մանր եղջերավոր, որ մեր կլիմային վարժեցված սորտ լինի, որպեսզի գնա արոտավայր, գա ու տարեկան 5 հազար լիտր կաթ տա։ Պետությունը ստեղծե՞լ է այդ սորտը, կամ ստեղծե՞լ է այդ մանր եղջերավոր կենդանուն, որը մեր կլիմային հարմարեցված կլինի ու, ենթադրենք, 8 ամսականում կունենա 35 կգ միս»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հարություն Մնացականյանը։

Գյուղատնտեսը նաև հարց բարձրացրեց՝ Հայաստանն ունի՞ լոլիկի այնպիսի սորտ, որը կարող է բրենդավորել ու շուկայում ներկայացնել այնպես, ինչպես ուզբեկներն անում են իրենց վարդագույն լոլիկը:

«Գյուղատնտեսությունն ինչպե՞ս կարող է շուկային համապատասխան քայլել՝ առանց պետության միջամտության։

Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության ոլորտում ուղղակի չունի տրամաբանություն։ Հայաստանում գյուղատնտեսությունը չի զարգանում։ Այս տարի, նախորդ տարվա համեմատ՝ 8 տարվա անկման ֆոնին, 6 ամսվա կտրվածքով 4 տոկոս աճ է գրանցվել, որի մեջ իր մեծ մասնաբաժինն ունի ծաղիկի վերարտահանումը, ծաղիկով դուք պարենային անվտանգության հարց կարո՞ղ եք լուծել»,- եզրափակեց Հարություն Մնացականյանը։

Տեսանյութեր

Լրահոս