Ռուսաստանն ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են երկրի հյուսիսում գտնվող էներգետիկա ենթակառուցվածքին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտնել է, որ ուկրաինական ուժերը խոցել են երեք բալիստիկ հրթիռ և 26 ԱԹՍ-ներից 25-ը, որոնք արձակվել են երկրի ինը շրջանների ուղղությամբ։Հյուսիս-արևելյան Սումիի շրջանում, որը սահմանակից է Ռուսաստանին, խոցվել է էներգետիկ օբյեկտ, որի պատճառով 72 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։
Տեռնոպիլի շրջանում, ըստ տեղի իշխանությունների, հարվածների է ենթարկվել արդյունաբերական օբյեկտ, խոցվել է վառելիքի պահեստարան։ Տեռնոպիլի վրա ծխի սև ամպեր են կուտակվել, մարդկանց հորդորել են տնից դուրս չգալ։
Կիևը նույնպես ենթարկվել է հարվածների, սակայն լուրջ վնասներ և տուժածներ չկան։ Մոսկվան շարունակում է ավիահարվածներ հասցնել Ուկրաինային այն բանից հետո, ինչ ուկրաինական ուժերն օգոստոսի 6-ին մտել են ՌԴ Կուրսկի մարզ: Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի՝ երկրի զինված ուժերը Կուրսկում գրավել են 92 բնակավայր և ավելի քան 1250 քառ. կմ տարածք։
Ռուսական ուժերն իրենց հերթին հայտնել են Ուկրաինայի արևելքում որոշակի առաջխաղացման մասին։