Ռոստովի մարզի նավթապահեստում ԱԹՍ-ի գրոհից հետո բռնկված հրդեհը սաստկացել է

Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի դիզվառելիքի պահեստում բռնկված հրդեհը, որն սկսվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի գրոհից հետո, արդեն երրորդ օրն է` չեն կարողանում մարել։ Հրդեհի մակերեսն զգալիորեն մեծացել է և այժմ կազմում է 10 հազար քառակուսի մետր: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայություններին։

Տեղում աշխատում է մոտավորապես 600 փրկարար և 150 միավոր տեխնիկա, բացի այդ, դիտարկվում է հրդեհը մարելու համար ավիացիայի կիրառման հնարավորությունը։

«Բազա» Telegram ալիքի տվյալներով՝ արդեն այրվում են վառելիքով լի 74 ցիստեռնից 22-ը և, հավանաբար, կշարունակեն այրվել դեռ մի քանի օր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այրվել է վառելիքի 11 պահեստարան: Հրդեհը մեկուսացնել մինչև այժմ չի հաջողվել։Պրոլետարսկում վառելիքի պահեստում հրդեհը բռնկվել է օգոստոսի 18-ի առավոտյան։ Ինչպես հայտնել է Ռոստովի մարզի ղեկավար Վասիլի Գոլուբևը, հրդեհի պատճառ են դարձել խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները։ Հաջորդ օրը Պրոլետարսկի շրջանում սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ, իսկ Պրոլետարսկում հայտարարվել է արտակարգ դրություն։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ տուժել է 18 մարդ։ Ինչպես պարզաբանել է նահանգապետը, նրանք բոլորը հրշեջներ են։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ տուժել է 41 հրշեջ, որոնցից 18-ին անհրաժեշտ է եղել հոսպիտալացնել։

Տեսանյութեր

Լրահոս