
Մոսկվան պատրաստ է մասնակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և երկրների միջև սահմանի սահմանազատմանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ նեղ ձևաչափով բանակցությունների սկզբում։
«Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, գործը հասցնենք սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, ինչպես բազմիցս խոսել ենք ձեզ հետ, ապաշրջափակենք համապատասխան ուղղությունները լոգիստիկայի և տնտեսության ոլորտում, մենք շատ ուրախ կլինենք դրա համար», – ասել է ՌԴ ղեկավարը։
Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն այն մասով, որը պահանջված կլինի երկու երկրների կողմից։ «Մենք երեկ անդրադարձանք այս թեմային, այսօր կշարունակենք։
Դա վերաբերում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը։ Պարզ է, և բոլորը լավ գիտեն, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի հետ, այդ թվում՝ առաջին հերթին ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում իրադրության մեջ վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ թելադրում է այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտությունը, իհարկե, այն մասով, որով դա պահանջված է կողմերի կողմից, դա առանց կասկածի», – ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ալիևի հետ հանդիպումից հետո կկապվի Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտնելու բանակցությունների արդյունքների մասին։