Այցից հետո Նիկոլ Փաշինյանին կտեղեկացնեմ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին. Պուտին

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։

Մոսկվան ուրախ կլիներ, եթե կարողանար ինչ-որ բան անել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, ըստ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է Պուտինը։

Նա նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է Բաքվի բանակցությունների արդյունքների մասին պատմել նաև Նիկոլ Փաշինյանին։

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունները կանցկացվեն նեղ և ընդլայնված կազմերով, օրակարգում ոչ միայն ռուս-ադրբեջանական, այլ նաև տարածաշրջանային, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր են։ Բանակցություններից հետո երկու պետությունների ղեկավարնեը հանդես կգան համատեղ հայտարարությամբ, ինչպես նաև միջկառավարական և այլ փաստաթղթեր կստորագրեն։

Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Պուտին-Ալիև հանդիպման համար նախապատրաստված նյութերին։

Ռուսական պետական լրատվական գործակալությունը նաև նշել է, որ ըստ այդ նյութերի, «առանցքային խնդիրներից են մնում խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանազատման գործընթացի խթանումը, տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի ապաշրջափակումը` հիմնված 2020-2022 թվականներին հայտնի եռակողմ համաձայնագրերի հիման վրա»։

Տեսանյութեր

Լրահոս