Գործարարները կանգնած են կալանավորման վտանգի առաջ. ահազանգ
Քրեական օրենսգրքից տնտեսական հանցագործություն կատարելու համար խրախուսական նորմի չեղարկումը գործելու ավելի լայն գործիքակազմ է տալու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեսուչներին։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան, «Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամ Արսեն Սարդարյանը։
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն օգոստոսի 13-ին հայտարարել էր, որ ՊԵԿ-ն ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ, քանի որ նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարեկան շուրջ հազար գործարարի բանտ նստեցնել:
«Մենք կարծում ենք, որ այսպես կարողանալու են գործարարին ցանկացած պահի պատասխանատվության ենթարկել և քրեական գործիքակազմով նրանց ստիպել ՊԵԿ-ի, քննչական, այսինքն՝ քրեաիրավական քաղաքականություն իրականացնող կառույցների համար ընդունելի որոշումներ կայացնել»,- ասաց փաստաբանը։
Նա շեշտեց՝ այսօր մեր երկրում հարկահավաքությունն իրականացվում է ռեպրեսիվ եղանակներով, այսինքն՝ թեպետ հավաքված հարկերը գնում են բյուջե, բայց դրանք հավաքվում են ոչ օրինական ճանապարհով։ Օրենսդրական փոփոխությունից հետո իրավիճակն ավելի է սրվելու։
Sputnik Արմենիան հետաքրքրվեց` եթե ՊԵԿ-ն այսօր խնդիր ունի բյուջեի մուտքերն ավելացնելու, ինչո՞ւ է խրախուսական նորմը վերացնում, չէ՞ որ դրա միջոցով վերականգնված վնասի դիմաց գործարարն ազատվում էր քրեական պատասխանատվությունից, խրախուսական նորմի հանվելուց հետո ստացվում է՝ վերականգնի վնասը, թե ոչ, քրեական պատասխանատվությունից չի ազատվելու, հետևաբար վնասը վերականգնելու իմաստ արդեն չկա։
Սարդարյանը պատասխանեց՝ լրիվ հակառակն է, գործիքն ավելի ուժեղ է դառնում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման դիմաց գործարարի նկատմամբ խափանման այլ միջոց կընտրվի, կալանավորումը կփոխարինվի, օրինակ, բացակայելու արգելքով և այլն։
«Ընդունված պրակտիկա է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է խրախուսական նորմի առկայությունն արդարացի վերաբերմունք հարկային կարգապահությամբ բիզնեսի նկատմամբ, փաստաբանը շեշտեց՝ այդ հանգամանքը հաշվի է առնված։ Հարկեր թաքցրած գործարարը, բացի պետությանը պատճառված վնասի վերականգնումից, նաև բավականին մեծ տույժ ու տուգանք է վճարում։
Բացի խրախուսական նորմը հանելուց, ՊԵԿ-ն առաջարկում է նաև մաքսանենգության համար քրեական պատասխանատվություն սահմանել, որը այժմ վարչական պատասխանատվության տիրույթում է։ Փաստաբանի կարծիքով՝ պատժի խստացումը բնավ չի նշանակում, թե հանցագործության դեմ ավելի արդյունավետ է պայքարը դառնում։
Թե ինչու է օրենսդրական փոփոխության բացասական հետևանքների մասին խոսում միայն «Մանթաշյանց» գործարարների ակումբը, այն էլ՝ ակումբից ոչ բոլորը, փաստաբանի խոսքով՝ գործարարներից շատերը նախընտրում են չխոսել հարվածի տակ չհայտնվելու համար։ Սարդարյանն ընդգծեց` նրանց անազատության մեջ լինելը նշանակում է բիզնեսի մահ, ինչը թույլ տալ չեն կարող։