Հեռանկարները մտահոգիչ են դառնում

Չնայած արտաքուստ արձանագրվող աճերին՝ Հայաստանի տնտեսության հեռանկարները գնալով ավելի մտահոգիչ են դառնում։ Ընդամենը երկու ամիս ոսկու ներմուծում-արտահանումները պակասեցին՝ տնտեսական աճի տեմպերը բոլոր ոլորտներում կտրուկ նվազեցին։

Մայիսին՝ 5,2, իսկ հունիսին՝ 7,1 տոկոս տնտեսական ակտիվության աճ գրանցվեց։

Մինչ այդ աճը երկնիշ էր։

Արդյունաբերությունն էր բարձր տեմպերով աճում։ Մայիս-հունիսին տեմպն էապես թուլացավ։ Հունիսին գրեթե կանգ առավ. ընդամենը 1,4 տոկոս աճ գրանցվեց, այն էլ՝ նախորդ տարվա բավական մեծ անկումից հետո։

Նախորդ տարվա հունիսին արդյունաբերության մեջ 7,4 տոկոսանոց անկում էր գրանցվել։ Ու դրա ֆոնին այս տարի ընդամենը 1,4 տոկոսանոց աճ է եղել։

Արդյունաբերության մեջ այս տարվա հունիսին ավելի քիչ արդյունք է ստեղծվել, քան 2022թ.։

Հունիսին, նախորդ ամսվա համեմատ, արդյունաբերության անկումը կազմեց 2,4 տոկոս։ Էապես թուլացան արտաքին առևտրի աճերը, անգամ արտահանում-ներմուծումների անկում գրանցվեց։

Եվ այս ամենը զուտ այն պատճառով, որ ոսկու վերաարտահանումները կրճատվեցին։

Մայիսին ներմուծվեց՝ 347 մլն դոլարի, հունիսին՝ 246 մլն դոլարի անմշակ կամ կիսամշակ ոսկի։

Հայաստանից ոսկու արտահանումն այդ ամիսներին կազմեց. մայիսին՝ 283 միլիոն, հունիսին՝ 241 միլիոն։ Դրանք 10-12 անգամով գերազանցում էին նախորդ տարվա քանակները, բայց անհամեմատ ավելի քիչ էին, քան նախորդ ամիսներին իրականացված ոսկու ներմուծում-արտահանումները։

Պատկերացնելու համար ասենք, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ներմուծվել՝ գրեթե 1,9 մլրդ դոլարի, արտահանվել էր 1,1 մլրդ դոլարի ոսկի։

Այն կազմել էր ամբողջ ներմուծման՝ գրեթե 68, իսկ արտահանման՝ 65 տոկոսը։

Նույնը՝ նաև մարտին. ներմուծվել էր՝ գրեթե 1,3 մլրդ դոլարի, արտահանվել էր՝ 1,2 մլրդ դոլարի անմշակ ոսկի։

Մայիս-հունիսին ոսկու ներմուծում-արտահանումների ծավալները նախորդ ամիսների համեմատ կրճատվեցին ու դրա հետևանքներն անմիջապես արտահայտվեցին տնտեսական աճի ցուցանիշների վրա։ Երկու ամսվա ընթացքում տնտեսական ակտիվության աճի տեմպը գրեթե 3 տոկոսային կետով նվազեց։

Արդյունաբերության տարեկան աճը նախկին գրեթե 27 տոկոսից իջավ ընդհուպ 18 տոկոսի։

Երկու ամսում նվազեց 9 տոկոսային կետով։

Էապես դանդաղեց նաև արտաքին առևտրի աճը։

Այս կտրուկ փոփոխությունները ցույց են տալիս, թե Հայաստանի տնտեսության մեջ արձանագրվող աճերն ինչքան խորն են կախված ռուսական ոսկու ներմուծում-արտահանումներից։ Ընդամենը երկու ամիս ոսկու վերաարտահանումները կրճատվեցին՝ հետևանքներն ակնառու են։

Հայաստանի տնտեսության աճի առաջիկա սպասումները նույնպես կախված են լինելու գերազանցապես այս գործոնից։ Եթե դրանք շարունակեն պահպանել վերջին ամիսների միտումները, ապա շատ շուտով այս աճերն էլ չեն լինելու։

Արդեն իսկ կան կանխատեսումներ, որ առաջին կիսամյակի Հայաստանի տնտեսական աճը 7 տոկոսից ցածր կլինի։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում այն կազմեց 9,2 տոկոս, ինչը գրեթե 5 տոկոսային կետով ցածր էր նույն ժամանակահատվածում արձանագրված տնտեսական ակտիվության աճից։

Երկրորդ եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշը դեռևս չի հրապարակվել, բայց հաշվի առնելով նախորդ շրջանի տնտեսական ակտիվության ու տնտեսական աճի միջև գոյացած չափազանց մեծ շեղումը, այն կարող է տատանվել, լավագույն դեպքում, 5-5,5 տոկոսի շրջանակներում։

Շարունակվելու դեպքում իրավիճակը երկրորդ կիսամյակում ավելի կսրվի։

Տարեվերջին ճնշումը կմեծանա նաև նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերի բազային էֆեկտի հետևանքով։ Հենց այդ ժամանակ Հայաստանի տնտեսությունը հայտնվեց ոսկու տենդի մեջ, որ ավելի խրվեց այս տարվա ընթացքում։

Մինչ ոսկու վերաարտահանումները դարձել են Հայաստանի տնտեսության աճի հիմնական շարժիչը, բազմաթիվ ոլորտներում խնդիրները խորանում են։ Անկում ունենք այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպեսին է հանքարդյունաբերությունը, սննդարդյունաբերությունը։ Նույնիսկ ռազմավարական համարվող ՏՏ-ն է անկումային։ Տարվա առաջին կեսին այստեղ գրեթե 15 տոկոսանոց անկում կա։

Գերազանցապես արտաքին գործոններով պայմանավորված՝ վերջին տարիների տնտեսական աճերն աստիճանաբար թուլանում են, նահանջում են՝ բացահայտելով Հայաստանի տնտեսության անմխիթար վիճակը։

Դրան ուղղակիորեն անծանցված է այն, ինչին բախվել ենք պետության ֆինանսների առումով։ Չեն հավաքվում բյուջեի փողերը՝ հարձակվել են տնտեսվարողների վրա, ստիպված ծախսերն են հետաձգում։

Նման միջոցներով այս տարի գուցե թե կառավարությունն ինչ-որ կերպ կարողանա գլուխն ազատել, բայց հետո շատ ավելի դժվար է լինելու։

Շուտով ներկայացվելու է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, ու դրանում համոզվելու ենք։ Չեն սպասվում սոցիալական ծախսերի՝ աշխատավարձերի, թոշակների, նպաստների ավելացումներ։ Զարմանալի չէ, որ կառավարությունն այդ մասին ոչինչ չի ամրագրել առաջիկա տարիների միջինժամկետ ծախսերի ծրագրում։

Առանց հաշվի առնելու տնտեսության իրական հնարավորությունները, իրենց քաղաքական նպատակահարմարություններից, խմբակային շահերից ելնելով՝ վերջին տարիներին անհասկանալի ու անհիմն ծախսերով չափից դուրս ծանրաբեռնել են պետական բյուջեն ու բերել-կանգնեցրել ծանր ընտրության առաջ։ Այսօր արդեն հաստատուն քայլերով գնում ենք դեպի բյուջետային ճգնաժամ։

Տնտեսական ճգնաժամից ևս խուսափելը գրեթե անհնարին է թվում։ Ու չնայած դրան՝ իշխանությունները քեֆ-ուրախությունների մեջ են, պետության փողերը քամուն են տալիս, ֆեստիվառներ, հազար ու մի անտեղի միջոցառումներ են կազմակերպում, անիմաստ ծախսեր անում՝ կարծես երկրում այլ անելիք չկա, ամեն ինչ տեղը տեղին արել են ու հիմա վայելում են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս