Ինչո՞ւ միայն ՊԵԿ-ը, երբ այս ամենի հետևում իշխանությունն է կանգնած

«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ՊԵԿ-ին մեղադրում է բիզնեսին ահաբեկելու մեջ։

Ասում է՝ ՊԵԿ-ն ահաբեկչությամբ է զբաղվում բիզնեսի նկատմամբ։ Տնտեսության թույլ զարգացման ու բյուջետային նախատեսվածից թույլ մուտքերի պատճառով՝ մարդկանց բռնում կալանավորում է, խարդախության համար քննչական է դիմում, հետ չի տալիս բիզնեսի ԱԱՀ դեբետները։

Անշուշտ, ողջունելի է, որ վերջապես բիզնեսի ներկայացուցիչներն արթնանում են ու համարձակվում խոսել երկրում գործարար ու ներդրումային միջավայրը ոչնչացնելու, իրականացվող հարկային տեռորի և ընդհանրապես հարկային անհեռանկար քաղաքականության մասին։ Բայց ինչո՞ւ, լինելով «Մանթաշյանց» գործարարների միության նախագահը, Վահրամ Միրաքյանն այդ ամենը ոչ թե միության, այլ իր անունից է ասում։ Թե՞ վախեցել են հարվածի տակ դնել միության անդամների բիզնեսները, առավել ևս՝ շարժել իշխանությունների զայրույթը։

Հատկապես որ, այդ ամենի հետևում ամբողջ իշխանությունն է կանգնած։

Կարդացեք նաև

«Ժամանակին, երբ օրենքները գրվում էին միայն նրա համար, որ մարդիկ դրանք խախտեին, ու չինովնիկները շահույթ ստանային այդ խախտումից՝ ՊԵԿ-ը մի օրենք մշակեց, որ եթե բիզնեսը 4 միլիոն դրամից ավելի խախտում է անում, ապա ՊԵԿ-ը կարող է քրեական գործ բացել գործարարի վրա ու կալանավորել: Պատկերացնո՞ւմ եք աբսուրդը, բիզնեսը 10 միլիարդ դրամ շրջանառություն է անում, այդ թվերի մեջ 4 միլիոնի խախտում կարող է հաշվապահի փռշտոցից լինել, ու արդյունքում՝ տնօրենին կալանավորում են:

Հիմա երկրորդ ամենահետաքրքիր մասը՝ այդ խախտումը կարող է արձանագրվել զուտ հարկային տեսուչի կարծիքի հիման վրա ու հետո չեղարկվել, բայց կալանքն արդեն եղել է:

Ժամանակին մենք երկար պայքարեցինք, որ գործարարը քրեականի տակ ընկնի ոչ թե ֆիքսված, այլ շրջանառության որևէ տոկոսին համապատասխան թվի խախտման դեպքում: Ասենք՝ շրջանառության 10 տոկոսի, քանի որ, համաձայնեք, որ սխալ է 5 միլիարդ շրջանառության դեպքում 4 միլիոնի խախտումից կալանավորելը:

Շրջանառության տոկոսի հետ կապել չստացվեց, բայց 4 միլիոնը դարձրեցին 10 միլիոն, առանձնապես խոշոր չափերի խախտումն էլ՝ 20 միլիոն:

Հիմա այս չարաբաստիկ կետը քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածն է և նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում՝ 10, կամ առանձնապես խոշոր չափի՝ 20 միլիոն դրամ հարկ թաքցնելու դեպքում»,- գրել է «Մանթաշյանց» գործարարների միության նախագահը՝ մեղադրելով ՊԵԿ-ին։

Բայց ինչո՞ւ ՊԵԿ-ին և ոչ թե՝ իշխանությանը։ Կարծես օրենքը, որը թույլ է տվել քրեական գործ բացել ու կալանավորել գործարարին, ՊԵԿ-ն է ընդունել։

Գուցե և ՊԵԿ-ն է այն նախաձեռնել ու ներկայացրել, բայց իշխանությունն է ընդունել։

Նախաձեռնությունն անցել է կառավարությունով ու ստացել կառավարության համաձայնությունը, հետո գնացել է Ազգային ժողով ու ստացել քաղաքական մեծամասնության քվեն։ Հետո էլ օրենքը ստորագրել է քաղաքական իշխանության կողմից ընտրված նախագահը։ Ու եթե դրանում ինչ-որ բան այնպես չէ, ապա մեղավորը ոչ թե կամ ոչ այնքան ՊԵԿ-ն է, որքան ամբողջ իշխանությունը՝ սկսած ՊԵԿ-ից, վերջացրած նախագահով։

Բայց այս բոլորից «Մանթաշյանց» գործարարների միության նախագահը մեղադրում է միայն ՊԵԿ-ին։ Մինչդեռ՝ ՊԵԿ-ն ընդամենն օրենքի պահանջը կատարողն է, իսկ այն ընդունել է իշխանությունը։ ՊԵԿ-ի ներկայացրած նախաձեռնությանը հավանությունը տվել է կառավարությունը, ընդունել է Ազգային ժողովը։

Կառավարությունը կարող էր հավանություն չտալ, իսկ Ազգային ժողովը՝ չընդունել։

Այնինչ՝ երկուսն էլ հոժարակամ համաձայնել են ՊԵԿ-ի նախաձեռնությանը։ Ու եթե կան դժգոհություններ, առավել ևս՝ ահաբեկչությանը համարժեք մեղադրանքներ, ապա դրանք պետք է ներկայացնեն ոչ այնքան ՊԵԿ-ի, որքան կառավարության ու Ազգային ժողովի իշխող խմբակցության հասցեին։

Բայց նախընտրել են բավարարվել միայն ՊԵԿ-ով։ Գլխավոր  մեղավորների մասին՝ ոչ մի խոսք, ինչպես ասում են՝ շառից-փորձանքից հեռու։

Արտառոց ոչիչն չկա նրանում, որ ՊԵԿ-ը վերջին երկու տարիներին ավելի շատ օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, քան վերջին 20 տարում, ու, ինչպես «Մանթաշյանց» գործարարների միության նախագահն է ասում՝ գրեթե բոլոր դեպքերում միակողմանի, առանց բիզնեսի կարծիքը հաշվի առնելու ու գրեթե բոլոր դեպքերում՝ ընդդեմ բիզնեսի: ՊԵԿ-ի խնդիրը չէ բիզնեսի մասին մտածելը։ ՊԵԿ-ի խնդիրը բյուջեի եկամուտներն ապահովելն է։ Բիզնեսի մասին պարտավոր են մտածել կառավարությունը, Ազգային ժողովն ու բիզնեսը հենց ինքը։ Մինչև հիմա քանի՞ անգամ է բիզնեսը բացահայտ իր վերաբերմունքը, չասենք՝ դժգոհությունը հայտնել ՊԵԿ-ի օրենսդրական նախաձեռնություններից, որոնք եղել են բիզնեսի դեմ։ Մինչև դանակը ոսկորին չի հասնում, ձեն-ծպտուն չեն հանում, հանելուց էլ կիսատ են հանում։

Սրա մասին ժամանակին էր պետք մտածել և ոչ թե՝ հիմա։ Որ մի օր իշխանությունների կողմից իրականացվող այս տնտեսական ու հարկային քաղաքականությունը բիզնեսին կանգնեցնելու էր նման խնդիրների առաջ, դժվար չէր հասկանալ։

Վաղը, երբ բյուջեի եկամտային խնդիրներն ավելի սրվեն, շատ ավելի վատ է լինելու. կասկած չունենաք, որ բիզնեսի նկատմամբ ճնշումն ավելի է մեծանալու։

Շատ շուտով դա իր վրա զգալու է նաև փոքր ու միջին բիզնեսը։ Բիզնեսի լուռ ու անտարբեր հայացքի ներքո՝ իշխանություններն անում են իրենց սև գործը, ամենուրեք ավելացնում են հարկային բեռը, մեծացնում հարկային ճնշումը, որի հետևանքները բիզնեսը հետո է ճաշակելու։

Անկախ նրանից, թե ով է այդ ամենի նախաձեռնողն ու հեղինակը՝ ՊԵԿ-ը կամ պետական մեկ այլ կառույց, դա այն քաղաքականությունն է, որն իրականացնում են իշխանությունները։ Ու այդ քաղաքականության հետևանքն է, որ, ինչպես «Մանթաշյանց» գործարարների միության նախագահն է արդարացիորեն ասում՝ բիզնեսը փախչում է Հայաստանից։

«Վերջերս բազմաթիվ բիզնեսների եմ հանդիպում, որ գումարները դուրս են հանում ներդրումների համար, ինչո՞ւ, որովհետև անկանխատեսելի է Հայաստանում, ո՞վ կուզի Հայաստանում ներդրում անել, երբ 25,000 դոլարի խնդրի կասկածի դեպքում գործարարին բանտ են նստեցնում, էն էլ՝ մի կիսագրագետ հարկային տեսուչի ցուցումով»,- իր գրառումը եզրափակել է Վահրամ Միրաքյանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս