«Հլը մի հատ պատկերացրեք՝ մաքսային ծառայողը ստիպում է, որ քաղաքացին թմրանյութ խմի՞. մի հատ այդ կադրը պատկերացրեք». Բադասյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացու թունավորման, իսկ հետո հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում գրանցված մահվան դեպքին, հայտարարել է, որ նշված անձը շատ մեծ հավանականությամբ թմրանյութ տեղափոխելիս է եղել։

ՊԵԿ նախագահն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Բրազիլիայի քաղաքացու մահվան մասին լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկություններին, թե օդանավակայանում ՊԵԿ-ի մաքսային ծառայության աշխատակիցները Բրազիլիայի քաղաքացուն ստիպել են խմել իր մոտ եղած շշի պարունակությունը։

Բադասյանը զարմանք արտահայտեց, թե ինչպե՞ս կարող է մաքսային ծառայության աշխատակիցը ստիպել քաղաքացուն թմրանյութ խմել։

«Հլը մի հատ պատկերացրեք՝ մաքսային ծառայողը ստիպի, որ քաղաքացին թմրանյութ խմի: Մի հատ այդ կադրը պատկերացրեք, ցավալի դեպք է եղել, չի կարելի այս թեմայով հումոր անել: Եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է եղել, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Բայց դեպքը եղել է այսպես՝ անձը հավանաբար տեղափոխել է թմրանյութ, մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ անպայման ինքը ենթակա է զննության, զննության ընթացքում դուրս են բերվել շշերը և այդ ընթացքում քաղաքացին որոշել է, որ կարող է ապացուցել խմելու տեսքով, իհարկե, նորմալ ընթացակարգ չի։ Էլի եմ ասում, որ եթե ինչ-որ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գտնվել, պետք է ենթարկվի պատասխանատվության: Տեսախցիկներն ամեն ինչ արձանագրել են»,- նշեց նա:

Նկարագրելով դեպքի մանրամասները՝ Բադասյանը նշեց, որ նշված անձը շատ մեծ հավանականությամբ թմրանյութ տեղափոխելիս է եղել, ռիսկերի համակարգը նրան թիրախավորել է և տարել զննության։

«Տեսանյութում, բնականաբար, ամենը չի երևում, սակայն պրոցեսը հիմնականում երևում է։ Կա քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն հանգամանքները կպարզի։ Ես չեմ կարող ավելին մեկնաբանել», – ասաց Ռուստամ Բադասյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են, որ Բրազիլիայի 30-ամյա քաղաքացի Առաուջոլիմա Լուկասը խմի այն, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և օտարերկրյա քաղաքացին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Տեսանյութեր

Լրահոս