Շանտաժի տարրեր եմ նկատում. Ռուստամ Բադասյանը չի հանդիպի Վահրամ Միրաքյանին
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը, մեկնաբանելով ՊԵԿ առաջարկած օրենսդրական փոփոխությունը, հայտարարել էր՝ եթե ՊԵԿ-ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակել կալանքի տակ պահել գործարարին, դա նշանակում է, որ տարվա մեջ մոտ 1000 գործարար բանտում կհայտնվի:
Ըստ Միրաքյանի՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելն անկանխատեսելի է դարձել նրանով, որ ամեն րոպե գործարարին կարող են կալանքի տանել, և շատերն արդեն մտածում են ներդրում անել երկրից դուրս։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, սակայն, «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքերում շանտաժի տարրեր է նկատում։
«Շատ անհաջող թիրախ են ընտրել շանտաժ անելու համար։ Կքննադատեն, կգրեն իրականության հետ կապ չունեցող բաներ, կփորձեն իրենց օրակարգն առաջ տանել և չգիտեմ` ինչ նպատակ հետապնդել։ Մի անգամ Միրաքյանի հետ հանդիպել եմ, այդ հանդիպումը շատ տարօրինակ ընթացք է ունեցել, որի պատճառով ես չեմ ցանկացել շարունակել հանդիպումների շարքը»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, թե «Մանթաշյանց» միության անդամների հետ պատրաստ է հանդիպել, բայց անձամբ Միրաքյանի հետ՝ ոչ։
Բադասյանը պնդում է, որ դժգոհողը ոչ թե «Մանթաշյանց» միության անդամներն են, այլ միության նախագահը։ Նրա խոսքով՝ ոլորտային տարբեր հանդիպումներ եղել են՝ ներմուծողների, կառուցապատողների հետ և այլն, ուստի պնդումները, թե ինքը հրաժարվում է գործարարների հետ հանդիպել, ճիշտ չէ։
«Եթե մենք ասում ենք՝ եկեք խրախուսական նորմից հրաժարվենք կամ քննարկենք դրա սահմանափակման հնարավորությունը, դա ամենևին չի նշանակում, որ բիզնեսի ներկայացուցիչները պետք է ազատազրկման ձևով պատիժ ստանան։
ՊԵԿ-ը, Բադասյանի խոսքով, պարբերաբար բողոքներ է ստանում կարգապահ բիզնեսից, որը դժգոհում է՝ դաշտում կան ոչ կարգապահ հարկ վճարողներ, իսկ իրենք շուկայից դուրս են մնում։ Ըստ նրա՝ այս իրավիճակի պատճառով նաև օտարերկրյա ներդրումների հետ են խնդիրներ առաջանում։
Բադասյանի խոսքով՝ առաջարկվող օրենսդրական նախաձեռնության շուրջ պետք է առողջ քննարկում լինի։