
Եվրամիությունը շահեկան չի համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իր հարաբերության ֆունդամենտալ տարբերությունը. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. »Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Ազատության հետ զրույցում ասում է, որ Հայաստան-ԵՄ բանակցությունը 2017 թվականին ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործակցության ծրագրի համատեքստում է եւ չի ենթադրում ԵՄ անդամակցության թեկնածության հարց:
Իսկ ես վերստին հիշեցնում եմ, թե ինչ էր ասում Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը մի քանի ամիս առաջ Երեւանում, երբ նրան հարցնում էին, թե՞ որքան է պատրաաստ Հայաստանին մերձենալ Եվրամիությունը, եթե Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ մենք պատրաստ ենք մերձենալ այնքան, որքան պատրաստ է ԵՄ-ն:
Բերբոքն այդ ուղիղ հարցին տվեց ուղիղ պատասխան՝ հիմա Հայաստան-Ադրբեջան խաղաղության հասնելն է առաջնահերթություն, դրան հասնելուց հետո Եվրամիությունը կունենա ռեգիոնի հետ ավելի խորը հարաբերության հնարավորություն:
Պարզորոշ է՝ Եվրամիությունը շահեկան չի համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իր հարաբերության ֆունդամենտալ տարբերությունը:
Ինչպես արտահայտել եմ կարծիքս, կրկնեմ՝ Կովկասի որեւէ պետություն առանձին չի դառնա Եվրամիության անդամ: Եվ Կովկասի պետությունները միասին էլ չեն դառնա, քանի դեռ Եվրամիության անդամ չի դարձել Թուրքիան: Եվրամիությանը Կովկաս «անկլավ» բացարձակապես պետք չէ:
Միեւնույն ժամանակ, Հայաստանն ունի ԵՄ հետ հարաբերության բավականին արժեքավոր իրավա-քաղաքական հենք՝ 2017 թվականի նոյեմբերին ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը, այսպես ասած՝ CEPA-ն: Ներկայիս իրողությունների պայմաններում այդ հենքը ունի բավականին էական արժեք եւ ներուժ, արդյունավետ հարաբերության կառուցման համար:
Հարցն այն է, որ Հայաստանը պետք է կարողանա օգտագործել այդ ներուժը, ինչի համար պահանջվում է ոչ միայն քաղաքական-դիվանագիտական հմտություն, այլ նաեւ պարզապես կառավարչական կոմպետենտություն: Եվ այդ երկրորդը թերեւս առաջին հերթին»։