Պաշտոնյաների քմահաճույքների հետևանքով բյուջեն միլիոնների վնասներ է կրում, բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրում դրա համար

Պաշտոնյաների քմահաճույքների ու «անփութության» հետևանքով, պետությունը տարեկան հարյուրավոր միլիոն դրամներ է վճարում պետական համակարգի աշխատողներին՝ աշխատանքից անօրինական ազատելու պատճառով։ Դատարանների միջոցով այդ աշխատողները հետագայում վերականգնվում են իրենց աշխատանքում և ստանում անօրինական ազատման ու հարկադիր պարապուրդի հետևանքով չստացած աշխատավարձերը։ Դրանք երբեմն տասնյակ-միլիոնավոր դրամների են հասնում։

Այս ամենից պետությունը մեծ վնասներ է կրում, բայց այդպես էլ որևէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրում իր անօրինական որոշումների համար։

Նիկոլ Փաշինյանը, ով սիրում է քարոզ կարդալ քաղաքացիների ու հարկատուների գլխին՝ պետության նկատմամբ իրենց պարտավորությունները պարտաճանաչ կատարելու վերաբերյալ, հարկ չի համարում խոսել քաղաքացիների ու հարկատուների վճարած գումարները պատշաճ ծախսելու մասին։

Բազմաթիվ են դեպքերը, երբ պետության փողերն ակնհայտ քամուն են տվել ու ոչ մի պատասխանատվություն չեն կրել դրա համար։ Քիչ է, պետության հաշվին բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ ու հավելավճարներ են ստանում, դեռ մի բան էլ պետական բյուջեն միլիոններ պիտի վճարի նրանց անօրինական որոշումների, իրենց աշխատանքը պատշաճ չկատարելու կամ կատարել չկարողանալու համար։

Կարդացեք նաև

Եվ այդքանից հետո այդ պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել։

Դժվար է անգամ ասել՝ նրանց տված օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը։

Միայն վերջին երեք տարիներին պետական պաշտոնյաների կողմից աշխատողներին աշխատանքից անօրինական ազատելու, հետագայում դատարանի վճռով նրանց իրավունքները վերականգնվելու արդյունքում պետությունը ստիպված է եղել վճարել ավելի քան 1,2 մլն դոլար՝ չստացված աշխատավարձի դիմաց։

Առնվազն այդքան էլ, բնականաբար, վճարել են այն մարդկանց, որոնց ընդունել են աշխատանքի ազատվածների փոխարեն։

Ստացվում է, որ պետությունը նույն աշխատանքի համար կրկնակի է վճարել՝ հանուն նրա, որ որոշ պաշտոնյաներ, իրենց քմահաճույքներից ելնելով՝ անօրինական, երբեմն էլ՝ քաղաքական որոշումներ են կայացրել ու մարդկանց հանիրավի ազատել աշխատանքից։

Վերջին երեք տարում 49 դատական գործերով դատարաններն արձանագրել են, որ նախարարությունների պաշտոնատար անձինք աշխատակիցներին աշխատանքից ազատել են օրենքի խախտումներով։ Այդ պատճառով դատարանները նրանց պարտավորեցրել են՝ վճարել մարդկանց անօրինական պարապուրդի մատնելու համար։ Վճարողն էլ, բնականաբար, եղել է պետական բյուջեն։

Պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, խախտել են օրենքը, անօրինական որոշումներ են կայացրել, հետևանքները կրել է պետական բյուջեն։

Դատարանի պահանջով, օրերս կառավարությունը որոշեց բավական կլորիկ գումար՝ 51,4 մլն դրամ, վճարել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետի տեղակալ Արմեն Հարությունյանին՝ տարիներ առաջ նրան օրենքի խախտմամբ աշխատանքից ազատելու համար։

Դեպքը տեղ է ունեցել 2019թ. կեսերին։ Նախկին պաշտոնյան իր պաշտոնանկության որոշումը վիճարկել է դատարանում։ Դատարանն էլ վճռել է, որ նրան աշխատանքից անօրինական ազատելու համար կառավարությունը պարտավոր է վճարել 38,2 միլիոն դրամ, հարկերով ու պարտադիր այլ վճարներով՝ 51,4 միլիոն դրամ։

Հարկադիր կատարման ծառայության պետի նախկին տեղակալին աշխատանքից անօրինական ազատողը եղել է այն ժամանակվա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով հիմա էլ զբաղեցնում է Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։ Այս մարդու ընդամենը մեկ անհիմն որոշման պատճառով, պետությանը մի քանի տասնյակ միլիոնի վնաս է հասցվել։

Ռուստամ Բադասյանը որոշում կայացրել է, իսկ նրա որոշման հետևանքը կրում է հարկատուն, ում վճարած հարկերից խոշոր գումարի փոխհատուցում կտրվի։

Խոսքը, հարկերով ու տուրքերով, ավելի քան 131 հազար դոլարի մասին է։

Այսպիսի դեպքերը պետական համակարգում եզակի չեն։ Դատարանի որոշմամբ՝ անցած տարվա կեսերին կառավարությունը պարտավորվեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահին, պաշտոնից ապօրինի ազատելու համար, որպես հարկադիր պարապուրդի փոխհատուցում՝ վճարել 50 մլն դրամ կամ 128 հազար դոլարի կարգի գումար։

Աշխատողներին անօրինական աշխատանքից ազատելու վերաբերյալ դատարանների կայացրած որոշումների հետ հաճախ է բախվում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Թվում է, թե նրա իրավաբան լինելը պիտի առավելություն դիտարկվեր նման դեպքերում, բայց հակառակն է։

2022թ. հունվարին առողջապահության նախարարն աշխատանքից ազատեց պետական առողջապահական գործակալության պետին։ Դատական պրոցեսում Անահիտ Ավանեսյանի գլխավորած կառույցը պարտվեց։ Դատարանը պարտավորեցրեց նախարարի նախկին ենթակային վճարել պարապուրդի ամբողջ գումարը՝ տույժ ու տուգանքներով։

Մեկ այլ դեպքով, 2023թ. ապրիլին Անահիտ Ավանեսյանն աշխատանքից ազատեց Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենին։ Որոշումը դատարանում վիճարկվելուց հետո՝ կրկին պարտվեց։

Այսպիսի վճիռներով պետությանը պարտադրվում է տասնյակ միլիոն դրամների փոխհատուցում վճարել։ Վճարողն էլ պետական բյուջեն է։

Երբ առողջապահության նախարարին հարցնում են, թե ինչո՞ւ է այնպիսի որոշումներ կայացնում, որ հետո դատարաններում պարտվում է, ու պետությունը դրա համար հսկայական գումարներ է ստիպված լինում վճարել, «հանճարեղ» պատասխան է տալիս։ Ասում է՝ մեր երկրում դատական համակարգն անկախ է, և պետական մարմիններն էլ երբեմն պարտվում են, դրանում ոչ մի սարսափելի բան չկա։

Իհարկե, նախարարի համար սարսափելի բան չկա, որովհետև իր սխալների համար միլիոնները ոչ թե ինքն է վճարում, այլ պետական բյուջեն՝ հարկատուների տված գումարներից։

Եվ սա միայն Անահիտ Ավանեսյանին չի վերաբերում, վերաբերում է նաև մյուս պաշտոնյաներին։

Եթե իրենց արածների համար իրենք վճարեին ու կրեին պատասխանատվություն, այն ժամանակ կերևար՝ սրանում սարսափելի բան կա՞, թե՞ չկա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս