Իսրայելի զինվորականները հերթական ցամաքային գործողությունն են սկսել Խան Յունիսում
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) նոր ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
ԻՊԲ-ն հայտնել է, որ մինչ այս իսրայելական հետախուզությունը տվյալներ էր ստացել այս գոտում թշնամու զինյալների առկայության և նրանց կողմից օգտագործվող ենթակառուցվածքի մասին։ Իսրայելի պաշտպանության բանակի 98-րդ դիվիզիայի զինծառայողներն արդեն երրորդ անգամ են այստեղ գործողություն իրականացնում:
Գործողության նախօրեին՝ օգոստոսի 8-ին, ԻՊԲ-ն Խան Յունիսում գտնվող պաղեստինցիներին հրահանգել էր տարհանվել Իսրայելի կողմից նշված հումանիտար գոտի։Իսրայելական ավիացիան ավելի քան 30 հարված է հասցրել Խան Յունիսին, իսկ ցամաքային զորամասերը քաղաք են մտել օգոստոսի 8-ից։
Զինվորականները գրոհում են ՀԱՄԱՍ խմբավորման զենքի պահեստների և փոխաբեռնման կետերի, դիպուկահարների և ականանետների դիրքերի վրա. մարտական գործողություններ են ընթանում գետնի վրա և գետնի տակ։
Միաժամանակ մարտերը շարունակվում են ավելի հարավում` Ռաֆահ քաղաքում, և Գազայի հատվածի հյուսիսային ու հարավային մասերը բաժանող «Նեցարիմ» միջանցքում։ Ընդհանուր առմամբ, վերջին մեկ օրվա ընթացքում ԻՊԲ-ն ավելի քան 60 օբյեկտի վրա է հարձակվել ողջ անկլավում, ներառյալ՝ շինությունները, որոնք զբաղեցրել էր հակառակորդը, և զինանոցները: