Բաժիններ՝

«Դադարեցրեք հիմարություններ անել»․ Բայդենը՝ Նեթանյահուին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ վերջինը «դադարեցնի հիմարություններ անել», գրում է The Times Of Israel-ը։

Նշվում է, որ նման պոռթկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նեթանյահուն ասել է Բայդենին, որ Իսրայելը առաջ է տանում ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների դիմաց հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունները և շուտով պատվիրակություն կուղարկի բանակցությունները վերսկսելու համար: Այդ բանակցությունները շարունակվում են երկար ամիսներ առանց արդյունքների, և Բայդենը նախկինում կարծիք է հայտնել, որ Նեթանյահուն միտումնավոր, ներքաղաքական պատճառներով է դա անում:

Նեթանյահուի գրասենյակն արձագանքել է այս հրապարակմանը՝ ասելով, որ վարչապետը չի մեկնաբանում ԱՄՆ նախագահի հետ իր մասնավոր քննարկումների բովանդակությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ վարչապետը «չի միջամտում ամերիկյան քաղաքականությանը և կաշխատի նրա հետ, ով ընտրվի նախագահ, և ակնկալում է, որ ամերիկացիները նույնպես չմիջամտեն Իսրայելի քաղաքականությանը»:

Միևնույն ժամանակ, The New York Times-ը հաղորդում է, որ Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ չորեքշաբթի Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունը «վատ ժամանակագրված» էր։ Վկայակոչելով ԱՄՆ-ի անանուն պաշտոնյային՝ թերթը գրում է, որ Բայդենը նաև պնդում է, որ սա կարող է տարածաշրջանային պատերազմի պատճառ դառնալ:

The Telegraph պարբերականն էլ, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ Նեթանյահուն ավելի ազատ է համարում իրեն հարվածելու Իրանին այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին Բայդենը որոշում ընդունեց հրաժարվել 2024 թվականի ԱՄՆ նախագահական մրցապայքարից:

Մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենն անդրադարձել է Նեթանյահուի հետ իր «շատ անմիջական» զրույցին՝ ասելով, որ նա հորդորել է վարչապետին արագ համաձայնության գալ։

«Մենք հրադադարի հիմք ունենք, նա պետք է շարժվի դրա հիմքով»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ինքը «շատ մտահոգված է» Մերձավոր Արևելքում աճող լարվածությամբ։

Հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցը ԶԼՄ-ների կողմից «կոշտ» է որակվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս