
Հնդկաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել է 93-ի

Հնդկաստանի Կերալայի հարավային նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է առնվազն 93-ի։ Այս մասին հաղորդում է Hindustan Times պարբերականը։Ավելի վաղ հաղորդել էինք 54 զոհի մասին։
Իշխանությունները հուլիսի 30-ը և 31-ը սգո օրեր են հայտարարել նահանգում։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ բնակիչներ դեռ անհետ կորած են: Փրկվել է ավելի քան 250 մարդ։Հուլիսի լույս 30-ի գիշերը երկարատև մուսոնային անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում երեք սողանք է իջել Կերալայի հյուսիս-արևելքի Վայանադի շրջանում:
Արտակարգ պատահարի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, դրան մասնակցում են զինվորականներ, գործի է դրված ռազմաօդային ուժերի տեխնիկա։ Վայանադի շրջանում սողանքները քանդել են բազմաթիվ տներ, ավերել ճանապարհներ և կամուրջ: