«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում կոռուպցիոն չարաշահման հետևանքով պետությանը հասցված վնասը վերականգնվել է
Պարզվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում առերևույթ պաշտոնեական հանցագործության մի շարք էական հանգամանքներ։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 2010-2018 թվականն ընկած ժամանակահատվածում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ընկերության ղեկավար պաշտոնը հաջորդաբար զբաղեցրած անձինք, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, ընդհանուր թվով 28 անձի հրամանագրել են տարբեր հաստիքներում։
«Հաստատապես, տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ նրանք կազմել, հաստատել և վավերացրել են իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել՝ հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ։ Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման։ Դրա հետևանքով պետական բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի անհատույց, շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 53.427.789 ՀՀ դրամ գումար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կատարված նախաքննության արդյունքում վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: