Վրաստանից փորձել են Հայաստան ներմուծել 5կգ-ից ավելի քաշով «մեթամֆետամին». ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

Oրերս ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները մաքսային հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացուն և վերջինիս ուղեբեռը, որտեղ առկա է եղել  աուդիո նվագարկիչ: Զննման արդյունքում նվագարկչից հայտնաբերվել է  4043 գրամ քաշով  4 պոլիէթիլենային փաթեթ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածների պարունակությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն: Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց շրջանակում վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները պարզել են նվագարկիչը ստացող անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է «Երևանի հյուսիսային ավտոկայանի» հարակից տարածքից՝  «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող այլ զանգվածով փոխարինված աուդիո նվագարկիչը Կ.Պ-ից ստանալուց հետո: Բացատրական աշխատանքների արդյունքում ձերբակալված անձը վարչության աշխատակիցներին է ներկայացրել նույն եղանակով ստացված մեկ այլ սարք: Մասնավորապես, իր կողմից շահագործվող մեքենայի բեռնախցիկից նա դուրս է բերել  չիր պատրաստող սարք, որը քանդել է, և դրա միջից հայտնաբերվել է 996 գրամ քաշով մեկ պոլիէթիլենային փաթեթ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածների պարունակությամբ:Բացահայտվել են  գործընթացը համակարգող և սարքը փոխանցող անձանց ինքնությունը: Գործին առնչվող 3 քաղաքացիները  ձերբակալվել են։

Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու համար: Համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում ձերբակալված քաղաքացիներից մեկի  բնակության վայրից հայտնաբերվել է ընդհանուր 238 գրամ համաքաշով ապակե տարա՝ «մարիխունա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածների պարունակությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տեսանյութեր

Լրահոս