Միշելն արեց իր գործը, և աշնանը կհեռանա․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Տոյվո Կլաարին, որը ԵՄ հատուկ ներկայացուցիչն էր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով, ինչպես նաև ըստ էության Ադրբեջանի ներկայացուցիչն էր Եվրամիությունում, օգոստոսի 31-ից փոխարինելու է Մագդալենա Գրոնոն: Մագդալենա Գրոնոն մինչ այդ՝ մայիսին նշանակվել է Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելի գլխավոր խորհրդականի պաշտոնում, իսկ մինչ այդ էլ նրա խորհրդականն է եղել արտաքին քաղաքական հարցերով:

Մագդալենա Գրոնոն կլինի՞ նաև Ադրբեջանի ներկայացուցիչը ԵՄ-ում, դժվար է ասել:

Գուցե ոչ, որովհետև հիմա արդեն դրա կարիքն էլ չկա, քանի որ ըստ էության չկա ղարաբաղյան հակամարտություն, համենայն դեպս Ադրբեջան-ԵՄ տիրույթում: Ընդ որում, հնարավոր է, որ Գրոնոն լինելով Շարլ Միշելի խորհրդական արտաքին քաղաքական հարցերով, իր «խորհուրդներով» գուցե մասնակցություն է ունեցել այն գործընթացին, որ Միշելի նախաձեռնությամբ ծավալվել է այսպես ասած բրյուսելյան հարթակում և ինչի հետևանք-արդյունքը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղում այսօր չկան հայեր, իսկ Եվրամիությունում չկան «պրետենզիաներ» Ալիևի հանդեպ:

Ինչ խոսք, այստեղ հարկ է նկատել, որ մեզ առաջին հերթին պետք է հետաքրքրի նախ Հայաստանի դիրքորոշումը այդ հարցերում, հետո նոր արտաքին դերակատարների: Իսկ Հայաստանի դիրքորոշման մասով պատկերը ցավոք սրտի բավականին տխուր է:

Սակայն, որպես հանրություն, մենք մեր հարցերն ունենալով նախ և առաջ Հայաստանի քաղաքական ղեկավարությանն ու ընդհանրապես քաղաքական դերակատարներին, ունենք հարցեր նաև արտաքին դերակատարներին: Եվ, եթե խաղաղապահների առնչությամբ հարցերը տրվում են Ռուսաստանին, ապա բրյուսելյան ձևաչափիի առնչությամբ էլ հարցերը պետք է տրվեն Շարլ Միշելին և նրա թիմին:

Թեև, Միշելն արեց իր գործը, և աշնանը կհեռանա:

Տեսանյութեր

Լրահոս