Սլովակիան ԵՀ-ին կոչ է արել միջամտել Ուկրաինայի կողմից նավթի տարանցումը դադարեցնելու հարցով
Սլովակիան Եվրահանձնաժողովին (ԵՀ) կոչ է արել արագ որոշում կայացնել միջնորդության վերաբերյալ այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթի տարանցումն իր տարածքով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ԵՀ-ի միջնորդության համար դիմումը ներկայացրել էին Սլովակիան և Հունգարիան. անցյալ շաբաթվանից նրանք դադարել են Ուկրաինայից ստանալ Ռուսաստանի «Լուկօյլ» ընկերության նավթը, քանի որ ընկերությունը հայտնվել է Կիևի պատժամիջոցների ցանկում։ ԵՀ-ն իր հերթին լրացուցիչ տեղեկատվություն է խնդրել ծագած խնդրի վերլուծության համար։
«Ես Եվրոպական հանձնաժողովին կոչ եմ անում ժամանակ չձգել և կանգնել իր անդամ երկրների և իր քաղաքացիների կողքին հնարավորինս շուտ…. Մենք ժամանակ չունենք, որովհետև մեր հարևան երկրի չմտածված պատժամիջոցներն ու անպատասխանատու գործողությունները կարող են շատ արագ բացասական հետևանքներ առաջացնել Սլովակիայի համար»,- Reuters-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը։ Նա կրկնել է, որ Սլովակիան այս վեճում դարձել է «պատանդ» Ուկրաինայի և Եվրոպական հանձնաժողովի ձեռքում։ Սլովակիան, ըստ Reuters-ի, քննադատել է Ուկրաինայում ռազմական գործողություններից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ նշելով, որ դրանք Եվրամիությանն ավելի են վնասում, քան Ռուսաստանին։
Իր հերթին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հուլիսի 22-ին հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը երեք օր ունի Բուդապեշտի և Բրատիսլավայի՝ խորհրդակցություններ սկսելու մասին դիմումին պատասխանելու համար, որից հետո երկու երկրները կդիմեն դատարան։ 2022 թվականին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթի ներկրման դեմ, սակայն Սլովակիան, Հունգարիան և Չեխիան արտոնություններ են ստացել՝ ռուսական նավթից իրենց կախվածության պատճառով։ Ռուսաստանի Դաշնությունից այդ երկրներ էներգակիրների մատակարարումներն իրականացվում են «Դրուժբա» խողովակաշարով, որն անցնում է Ուկրաինայի տարածքով: