Նիկոլ Փաշինյանը խուսափում է բողոքող արցախահայերից. Կառավարությունն ուղղորդում է դիմել ՔԿ
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած բենզինի պայթյունի հետևանքով առայսօր շատ արցախցիների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Երկու տասնյակից ավելի անձանց հարազատները մինչև այսօր Հայաստանում բախել են տարբեր գերատեսչությունների դռներ, այդ թվում՝ միջազգային մի քանի կառույցների, որպեսզի պարզեն իրենց հարազատների ճակատագիրը, սակայն արդյունքի չեն հասել։
Անհետ կորածների հարազատները վստահ են, որ նրանք գտնվում են ադրբեջանական գերության մեջ, քանի որ, երբ Արցախի բռնի հայաթափումից հետո անցել են Հակարիի կամուրջ, անցակետում ադրբեջանցի զինվորներից շատերն ասել են. «ձերոնցից մեզ մոտ մարդիկ կան, պայթյունից հետո նրանց տարել ենք Շուշի»։ Ավելին՝ անհետ կորած անձանցից շատերի անձնագրերը կամ նրանց մոտ եղած որոշ իրեր պայթյունի վայրում են հայտնաբերվել, կան մարդիկ, որոնք մեքենայով են եղել, մեքենաները ևս չեն եղել տվյալ վայրում։
Մոտ երկու շաբաթ առաջ այդ անձանց հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ, պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որ իրենց ընդունի և լսի խնդրի մասին, փորձի լուծում տալ դրան, գոնե որևէ տեղեկություն փոխանցի, քանի որ Նիկոլ Փաշինյանն է բանակցում Ադրբեջանի հետ։ Ակցիային մասնակցում էին նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ռազմական գործողության արդյունքում զոհված և Արցախում հուղարկավորված անձանց հարազատները, նրանք էլ պահանջում էին, որպեսզի Կառավարությունը քայլեր ձեռնարկի՝ իրենց զոհված հարազատների մարմինները Արցախից հանեն ու Հայաստանում վերահուղարկավորեն։
Կառավարության շենքի մոտ մի քանի ժամ սպասելուց հետո արցախցիներին որևէ մեկը չընդունեց, նրանց պարզապես գրանցեցին ընդունարանում՝ որպես քաղաքացի, նրանք էլ հայտարարեցին, թե կսպասեն այնքան, մինչև իրենց հերթը հասնի, և Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի։
168.am-ի հետ զրույցում անհետ կորածների և զոհվածների հարազատներն ասացին, որ Նիկոլ Փաշինյանն իրենց այդպես էլ չի ընդունել: Ասել են, թե իրենց գործը Քննչականում է, կարող են իրենց դիմել։
«Մեզ մի քանի օր առաջ Կառավարությունից պատասխանել են, որ գործը Քննչական կոմիտեի վարույթում է, ՔԿ-ից մեզ հետ կապ են հաստատել, պետք է հանդիպում տեղի ունենա, հարցն իրենց հետ քննարկենք։ Այսինքն՝ մեր հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ չի լինելու, ուղղորդել են Քննչական կոմիտե»,- նշեցին անհետ կորածների հարազատները։
Բայց հարազատների նպատակն ի սկզբանե եղել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, քանի որ, ինչպես նրանք են վստահեցնում, գործն այսքան ժամանակ Քննչական կոմիտեի վարույթում է, և որևէ դրական արդյունք չի արձանագրվել։
«Վաղը մենք պետք է Քննչականում հանդիպենք ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ռաֆայել Վարդանյանի հետ, տեսնենք՝ ինչ են ասելու»,- հավելեցին մեր զրուցակիցները։
Նրանք նաև ընդգծեցին, որ անհետ կորածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը զոհված ու Արցախում հուղարկավորված անձանց հարազատներով կքննարկեն՝ որոշելու, թե ինչպես պետք է իրենց պահանջը ձևակերպեն, նոյեմբերին Բաքվում COP-29 համաժողովի նախաշեմին այդ հարցը բարձրացնեն միջազգային հանրության առաջ, որպեսզի քայլեր ձեռնարկեն իրենց խնդիրը լուծելու համար։