Հնդկաստանում հայտարարել են զենք արտահանողի կարգավիճակի անցնելու մասին
Հնդկաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ավելացրել է պաշտպանական արտադրության ծավալները՝ աստիճանաբար զենք ներկրողի կարգավիճակից անցնելով արտահանողի կարգավիճակի։ Այս մասին ասվում է երկրի Ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանում ներկայացված տնտեսական ամփոփ հաշվետվության մեջ։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ փաստաթղթում նշվում է, որ Հնդկաստանի պաշտպանական արտադրությունն զգալիորեն աճել է՝ 2017 ֆինանսական տարվա 740 միլիարդ ռուփիից (8,8 միլիարդ դոլար) 2023 ֆինանսական տարում հասնելով 1 տրիլիոն ռուփիի (գրեթե 12 միլիարդ դոլար), ինչը հանգեցրել է պաշտպանական արտադրանքի արտահանման ավելացման: «Հնդկաստանն անցել է զենք ներմուծողի կարգավիճակից՝ զենք արտահանող 25 խոշորագույն երկրների ցանկում ապահովելով իր տեղը», – նշված է փաստաթղթում։
Հետազոտության մեջ բարձր են գնահատվում պաշտպանական արդյունաբերության, այդ թվում՝ մասնավոր և պետական ձեռնարկությունների ջանքերը պաշտպանական արտադրանքի արտահանման ավելացման ուղղությամբ:
Բացի այդ, ավելացել է արտահանողներին տրվող թույլտվությունների քանակը։«2023 ֆինանսական տարում տրվել է արտահանման 1 414 թույլտվություն, իսկ 2024 ֆինանսական տարում դրանց թիվը հասել է 1 507-ի: Մոտ 100 հայրենական ընկերություններ արտահանում են լայն սպեկտրի պաշտպանական արտադրանք և սարքավորումներ, ներառյալ այնպիսի ինքնաթիռներ, ինչպիսիք են Dornier-228-ը, հրանոթներ, BrahMos հրթիռներ, Pinaka հրթիռներ և արձակման կայանքներ, ռադարներ, վարժասարքեր և զրահատեխնիկա», – ասվում է փաստաթղթում։
Պաշտպանական արտադրանքի արտահանումն ավելացնելու համար Հնդկաստանի կառավարությունը վերջին 10 տարիների ընթացքում իրականացրել է մի քանի քաղաքական ծրագրեր, մասնավորապես, պարզեցնելով արտահանման ընթացակարգերը, խթանելով պաշտպանական տեխնիկայի հայրենական նախագծումը, մշակումն ու արտադրությունը՝ տրամադրելով մասնավոր արտադրողների օժանդակման միջոցներ:
Սակայն չնայած ինքնապահովման ձգտմանը, Հնդկաստանն առայժմ շարունակում է մնալ զենքի խոշորագույն ներկրող։ Վերջին տարիներին երկրի հիմնական մատակարարն է մնում Ռուսաստանը։ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 2019-2023 թվականներին Ռուսաստանին է բաժին ընկել Հնդկաստանի զենքի ներմուծման 36 %-ը: