Բաժիններ՝

Բացահայտելով հոգեբանի հետ. սննդային վարքագծի խանգարումներ

Սննդային վարքագծի խանգարումները հոգեծին խնդիրներ են, որոնք խաթարում են սննդի ընդունման բնականոն գործընթացը, հանգեցնում անձի ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական առողջության վատթարացման:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս, դատական փորձագետ Անահիտ Տեր-Ստեփանյանը «Արմենպրես»-ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» շարքի շրջանակում, խոսելով երևույթի մասին, սննդային վարքագծի խանգարումներից առանձնացնում է նյարդային անորեքսիան, նյարդային բուլիմիան և կոմպուլսիվ շատակերությունը (Binge eating), որոնք հիմնականում ախորժակի անկման և ավելացման հետ կապված խնդիրներ են:

«Հանդիպում են նաև ախորժակի աղավաղման խնդիրներ՝ պիկացիզմ, երբ մարդն ուտում է անպիտան նյութեր, օրինակ` պատի գաջը, մազերը, հող, թղթեր, նաև՝ կոպրոֆագիա խանգարումը, որը բավական ծանր հիվանդություն է և նկատվում է ծանր հոգեկան խնդիրների դեպքում. այն կղանք ուտելու հակումն է: Հանդիպում է նաև օրթորեքսիա խնդիրը, երբ մարդը, ելնելով սննդի գույնից, ֆակտուրայից, հոտից, կամաց-կամաց իր սննդակարգից հանում է այդ ուտելիքները և վերջում կարող է ընդամենը թողել շատ փոքր սննդակարգ և արդյունքում օրգանիզմի վիտամինային պաշարը սպառվում է, իմունիտետն ընկնում է»,-մանրամասնեց կլինիկական հոգեբանը:

Նկարագրելով սննդային վարքի ամենահաճախ հանդիպող խնդիրները՝ մասնագետը նշեց, որ նյարդային անորեքսիայի դեպքում մարդն ունենում է ախորժակի անկում, աստիճանաբար իր սննդակարգից հանում է ուտելիքներ, սկզբում՝ ավելի ճարպոտ սնունդը, ճաշերը, նաև՝ քաղցրավենիքը, բարձր կալորիականություն ունեցող ուտելիքները, և վերջում կարող է թողնել ընդամենը ջուրը: «Դա բերում է սարսափելի նիհարության վիճակի, օրգանիզմի հյուծվածության: Անորեքսիայով տառապող մարդկանց 6-7 տոկոսը տարեկան մահանում է այդ հյուծվածությունից, ունենում են մարմնի պատկերի խնդիրներ: Իրենք իրենց մարմինն ավելի գեր են զգում: Դիսմորֆոֆոբիա են զգում, սկսում են կաշկանդվել մարմնի վրա անգամ մի փոքր ավելացած հատվածից, մարմնի վրա վիրահատությունների կարող են դիմել, հաճախ իրենց սկսում են տանջահար անել տարբեր պարապմունքներով, դիետաներով և այլն»,-նկարագրեց Տեր- Ստեփանյանը:

Ինչո՞վ են տարբերվում նյարդային բուլիմիան և կոմպուլսիվ շատակերությունը (Binge eating)՝ չնայած երկուսն էլ շատակերության հետ կապված խնդիրներ են. նյարդային բուլիմիայի ժամանակ ևս առկա են մարմնի պատկերի խանգարումներ, անձը շատ անհանգստանում է իր մարմնի կառուցվածքից, ուզում դիետաներ պահել, նիհարել, բայց ինչ-որ մի փուլում այդ խիստ դիետաների արդյունքում տեղի է ունենում «պայթյուն», և սկսում է չափից շատ սնունդ ընդունել, այնուհետև մեղքի զգացում է համակում, որ չկարողացավ դիմանալ, կամային ուժը չհերիքեց, որպեսզի դիմանա, սկսում է լուծողականներ խմել կամ փսխումներ առաջացնել:

«Այդ փսխումների հետևանքով սովորաբար ունենում են բազում խնդիրներ, օրինակ՝ ատամնաշարի էմալն է քայքայվում, մաշկային խնդիրներ, աղեստամոքսային տրակտի և այլն: Իսկ Binge eating-ի դեպքում շատակերությունն արտահայտվում է կոմպուլսիվ ձևով, այսինքն՝ առանց կանգ առնելու, անդադար ուտելն է մինչև առաջանում է սարսափելի դիսկոմֆորտի զգացում, ստամոքսում տհաճություն, մեղքի զգացում, բայց չի ուղեկցվում փսխումներով կամ լուծողականների ընդունումով»,-տարբերությունը բացատրում է մասնագետը:

Սննդային վարքի խանգարումների վիճակագրությունը բավական մտահոգիչ պատկեր է բացահայտում. թիվն աստիճանաբար ավելանում է: 2010 թվականին և 2020 թվականին անցկացված հետազոտությունները 10 տարվա կտրվածքով արձանագրել են՝ աշխարհի բնակչության 3.5 տոկոսից թիվը աճել է մինչև 8.5 տոկոս:

Սննդային վարքագծի խանգարումների մահացության թիվը երկրորդն է հոգեկան խանգարումներով պայմանավորված մահացությունների շարքում և առաջին տեղը զիջում է թմրանյութային ինտոքսիկացիաներով պայմանավորված մահվան դեպքերին:

Սննդային վարքագծի խանգարումներ ունեցող մարդկանց մոտավորապես 26 տոկոսը մահանում է կամ ինքնասպանություն գործում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց մոտ ավելի շատ են հանդիպում սննդային վարքագծի խանգարումները, հիվանդների մոտավորապես երկու երրորդը կանայք են, մեկ երրորդը՝ տղամարդիկ:

Սննդային վարքագծի խանգարումները հիմնականում հոգեծին խնդիրներ են, բայց 28-40% դեպքերը վկայում են գենետիկ նախատրամադրվածության մասին: Մնացած դեպքերը հոգեբանական և սոցիալական պայմանավորվածություն ունեն: Սոցիալականի մեջ մեծ է ընտանիքի դերը, ընտանեկան մոդելի, հարաբերությունների դերը, իսկ հոգեբանական գործոններից կարևոր են սթրեսները, էմոցիոնալ ինտելեկտի ցածր մակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս