Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը
Իսրայելական զորքերը կիրակի օրը գնդակոծել են ՄԱԿ-ի ավտոշարասյունը, որ շարժվում էր դեպի Գազա։
Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպե Լազարինին։
«Իսրայելական զորքերը ծանր կրակ են բացել ՄԱԿ-ի շարասյան վրա, որը շարժվում էր դեպի Գազա: Տուժածներ չկան, բայց մեր թիմերը ստիպված եղան թաքնվել», – գրել է Լազարինին՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել այն պարագայում, երբ ավտոմեքենաներն ու աշխատակիցները կրում էին ՄԱԿ-ի նշանները։
Լազարինի խոսքով՝ մեքենաներից մեկը խոցվել է առնվազն հինգ փամփուշտով, երբ կանգնած է եղել անցակետի դիմաց, մեքենան խիստ վնասվել է և ստիպված է դուրս գալ շարասյունից։
Նշվում է, որ ՄԱԿ-ի աշխատակիցների նման տեղաշարժերը համակարգված են իրականացվում՝ Իսրայելի իշխանությունների հաստատմամբ։