Երևանում տղամարդը կանգնեցրել է Արամ Խաչատրյան փողոցով երթևեկող մեքենան ու 4 կրակոց արձակել 35-ամյա վարորդի ուղղությամբ. ՔԿ

2024 թվականի հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, բժշկական կենտրոն «աջ ազդրի բեկորային հրազենային վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 35-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Տուժողի առողջական վիճակով պայմանավորված՝ նրա հետ դեռևս անհրաժեշտ քննչական գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը հրազենային վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բակում:

Դեպքի վայրում և այնտեղ գտնվող, տուժողին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի զննության արդյունքում ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել են պարկուճներ, արյան հետքեր։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության։ Բժշկական կենտրոնից առգրավվել են վիրահատության արդյունքում մարմնից դուրս բերված գնդակը։

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ. հուլիսի 20-ին՝ ժամը 15:22-ի սահմաններում, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված տղամարդը կանգնեցրել է նույն հատվածով երթևեկող 35-ամյա տուժողի նշված ավտոմեքենան, ապա մոտենալով դիմացի ուղևորի հատվածին՝ բաց պատուհանից չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին տրվել է քննության համար էական նշանակության հանգամանքներ պարզելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս