
Էլ քանի՞ նման դեպք պետք է լինի, որ արգելեն 30-ից 60-ամյա այս մեքենայի շահագործումը. Դավիթ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը ֆեկսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հերթական անգամ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել «ԶԻԼ» բեռնատարի մասնակցությամբ: Զոհեր և վիրավորներ: Էլ քանի՞ նման դեպք պետք է լինի, որ պետական մարմինները արգելեն շահագործել 30-ից 60-ամյա, սպասարկման ոչ ենթակա և «կենդանի» պահեստամասեր չունեցող այս մեքենայի շահագործումը:
Ես հասկանում եմ, որ դեռ չենք հասել այն մակարդակին, որ նորմային մոտ արգելքներ սահմանենք մարդատար մեքենաների նկատմամբ: Բայց չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է թույլ տալ ամենօրյա, ծանր շահագործման պայմաններում կոմերցիոն գործունեություն ծավալել «Զլերով»:
Ակնհայտ է, որ տեխզննումը այս հարցը չի լուծում, շահագործող վարորդն էլ լավ օրից չէ, որ տոննաներ է բարձում այս «փորձանքի» թափքում:
Եթե ունենայինք պատասխանատու կառավարիչներ, վերջիններս ջարդոնի ընդունման կետ կսահմանեին, որտեղ կոմերցիոն գործունեություն ծավալող վարորդները հնարավորություն կունենային իրենց բեռնատարը լիզինգային պայմաններով փոխարինել նորով»: