Բաժիններ՝

Բանգլադեշի դատարանը չեղարկել է աշխատատեղերի քվոտաները ավելի քան 100 զոհի պատճառ դարձած ցույցերից հետո

Բանգլադեշի գերագույն դատարանը չեղարկել է պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը, որը զանգվածային ցույցեր էր առաջացրել ամբողջ երկրում՝ դառնալով ավելի քան 110 զոհի պատճառ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ քվոտաների համակարգի՝ պետական աշխատատեղերի 30 %-ը պետք է հատկացվեր 1971 թ. Անկախության պատերազմի վետերանների հարազատներին։ Դատարանի որոշման համաձայն՝ վետերանների հարազատներին կվերապահվի աշխատատեղերի միայն 5 %-ը։

Բանգլադեշի արդարադատության նախարար Անիսուլ Հուքը հայտարարել է, որ կառավարությունը դատարանի որոշումը կիրագործի մի քանի օրվա ընթացքում։ Որոշ ցուցարար ուսանողներ խոստացել են շարունակել բողոքի ակցիաները։ Ուսանողների պահանջներից են նաև վերջին օրերին զոհված ցուցարարների համար արդարադատության հաստատումը, ցուցարարների ձերբակալված առաջնորդների ազատ արձակումը, ինտերնետային ծառայությունների վերականգնումը և նախարարների հրաժարականը։

Մայրաքաղաք Դաքայի փողոցները դատարկ են պարետային ժամն ուժի մեջ մտնելուց հետո, սակայն, ըստ BBC-ի, հատուկենտ բախումները շարունակվել են նույնիսկ գերագույն դատարանի որոշումից հետո։ Նշվում է, որ շուրջ 115 մարդ է զոհվել ցույցերի ժամանակ, ընդ որում, միայն հուլիսի 19-ին՝ առնվազն 50 մարդ։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս