Ծանր զիջումներ են պահանջում միայն Հայաստանից. հո ԱՄՆ-ը Ադրբեջանից չէ՞ր պահանջելու. Արթուր Մարտիրոսյան

Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց գրանցել են, բայց համաձայնագիր դեռ չկա։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ ընդգծելով.

«Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներից հնչող այս հայտարարությունն ու ծանր փոխզիջումների վերաբերյալ առաջարկը բնական համարեց ԱՄՆ շահերի համատեքստում, միևնույն ժամանակ շեշտեց՝ դրանք շահեր են, որոնց բավարարման պարագայում հայկական պետությունը կհայտնվի զոհասեղանին։

Կարդացեք նաև

«Հո Ադրբեջանից չէի՞ն պահանջելու ծանր զիջումներ, իհարկե, Հայաստանից պետք է պահանջեն դրանք։ Փոխարենը՝ երբեք չենք լսում, որ, օրինակ, զիջումների մասին խոսող պարոն Բլինքենը կոռումպացված Ալիևից պահանջի ազատ արձակել հայ գերիներին, կամ չենք լսում, որ ԱՄՆ ՄԶԿ ղեկավար Սամանթա Փաուերը պահանջի, որ Արցախից փախստականները վերադառնան իրենց հայրենիք, չի ասում անգամ, որ արցախցիների նկատմամբ էթնիկ զտում է եղել, բայց գնում և արցախցիների հետ ժենգյալով հաց է թխում։ Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է ուշադրություն դարձնել հայտարարությունների բովանդակությանը։ Ասում են՝ ծանր փոխզիջումներ. ամեն ինչ պարզ է, ասում են՝ տվե՛ք բոլոր տարածքներն Ադրբեջանին, և կլինի խաղաղություն»,– ասաց Մարտիրոսյանը։

Մեր զրուցակիցը պնդեց՝ ամերիկյան կողմի պատկերացրած խաղաղությունն ադրբեջանական բոլոր պահանջների բավարարումն է հայկական կողմի հաշվին, իրենց ամենևին էլ հետաքրքիր չէ, թե ամեն ինչ տալու հետևանքով Հայաստանից ի՞նչ է մնում։

«ԱՄՆ Պետքարտուղարության ասած ծանր փոխզիջումները տարածքներ տալու համար է, որ Հայաստանի իշխանությունը ժողովրդին վախեցնում է պատերազմով։ ՀՀ ԱԳՆ-ն, որը բանակցում է, հայ ժողովրդին վախեցնում է պատերազով։ Ինչո՞ւ, որովհետև, եթե պատերազմով վախեցնելը չլինի, իրենց նոր զիջումներն ինչպե՞ս են արդարացնելու։ Հիշեք՝ զիջումները չեն սահմանափակվում միայն տարածքային զիջումներով։ Ադրբեջանը ցանկանում է վերջնականորեն փակել հայկական հարցը, որպեսզի այն չվտանգի Մեծ Թուրանի ծրագրին»,– ասաց Մարտիրոսյանը։

Բանակցային գործի մասնագետի փոխանցմամբ՝ հայ ժողովրդի այն հատվածը, որը համաձայն է Փաշինյանի առաջարկած մոդելին՝ լավ ապրելուն, ինքնության ուրացման հաշվին, նշանակում է՝ Մեծ Թուրանի ծրագիրն իրականացնել փորձողներին ուղղակի ասում է՝ դուք ճիշտ էիք։

Ըստ Մարտիրոսյանի՝ քանի որ Հայաստանի այս իշխանությունն է իր կամքով փակում այդ էջը՝ առանց ընդունման ու հատուցման, հետևաբար, նույն գծի մեջ է նաև ԱՄՆ-ը։

«Ալիևի հետ բանակցությունների ընթացքի մասին, այո, շատ բան չգիտենք, բայց կարդալով արված հայտարարություններն ու տեսնելով Ալիևի պահանջների ցուցակը, պարզ է, որ գուցե ստացել է խոստումներ, այդ ամենն անելու է։ Ալիևը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից զատ՝ խոսում է այն մասին, որ 300 հազար ադրբեջանցի պետք է գա և Հայաստանում բնակվի. հարց է՝ գուցե հայկական կողմը դրան արդեն տվե՞լ է համաձայնություն։ Երբ ՀՀ իշխանությունը չիրականացնի տված խոստումները, Ալիևն ուժային լուծումների կգնա։ Փաշինյանը չի կարող ամբողջը միանգամից տալ՝ տարածքները, դա կարող է պայթեցնել վիճակը, ուստի Փաշինյանի դրսի խորհրդատուները խորհուրդ են տվել՝ մի կտորը տվեցիր, հետո մի որոշ ժամանակ անց կտաս մյուսները։ Այսպես, սալյամիի նման, կտոր-կտոր կտան Հայաստանի տարածքները՝ առանց գիտակցելու՝ ազգային պետությունը, քաղաքական ազգը ձևավորվում է տարածքի վրա»,- եզրափակեց Արթուր Մարտիրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում. 

Տեսանյութեր

Լրահոս