«Գետինն եմ մտնում, որ չենք կարողանում այդ խայտառակագույն անարդարությանը վերջ տալ». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խելագարության աստիճանի մանրախնդիր քինախնդրություն է համարում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը.

«Դա նիկոլական քինախնդրություն է: Ուրբաթ օրը Տիգրան Աբրահամյանի հետ այցելել էինք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին. ծննդյան օրն էր: 2.5 տարի է՝ Արզումանյանը նստած է, և ասում են՝ մինչև վկաներին չլսենք, խափանման միջոցը չի փոխվի, իսկ իր գործով 162 վկա կա: Արզումանյանն ասում է՝ փաստաբանս հաշվել է, որ 13.5 տարի հետո նոր վկաների ցուցմունքները կվերջանան, իսկ այն հոդվածը, որը մեղսագրվում է, ամենաշատը 13 տարին է: Արդեն երկրորդ տարին է՝ Արմեն Աշոտյանին պահում են: Ամեն անգամ Մամիկոն Ասլանյանի մոտ այցի գնալիս՝ գետինն եմ մտնում, որպես մարդ՝ գետինն եմ մտնում: Լուրջ, գետինն եմ մտնում, որ չենք կարողանում, ի վերջո, այդ խայտառակագույն անարդարությանը վերջ տալ: Մարդկային հարց կա նաև՝ Մամիկոնի որդին և իմ աղջիկը նույն կուրսում են սովորում: Մարդը հասկանում է, որ քամվում է, ընտանիքից զրկված, արդեն երեք տարի, իսկ պահանջն է, որ մի թուղթ ստորագրի, մի օրվա մեջ կհանեն: Ասում է՝ չէ, սկզբունք ունեմ, չեմ ստորագրի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ միջազգային խաղացողները լուռ են հետևյալ պատճառով. «Ամերիկացին խոսք ունի՝ շանորդի, բայց մեր շանորդի, իհարկե, անգլերեն մի քիչ ավելի կոպիտ է հնչում: Հիմա ի՞նչ ժողովրդավարություն, ի՞նչ բան, պարզապես ձեռնտու է, հակառուսական տրամադրություններով է Հայաստանը, ասում են՝ մեր շանորդին է, աչք կփակենք. դատական անկախություն, քաղբանտարկյալներ, ոստիկանական բռնություն, ցուցարարների դեմ ամեն մի անթույլատրելի միջոց կիրառել, տասնյակներով բանտարկել»:

Կարդացեք նաև

Հարցին՝ հիմա, եթե ժողովուրդն իր խոսքն ասի, նույն ԱՄՆ-ը հե՞տ է կանգնելու իր քաղաքականությունից, նա պատասխանեց. «Այո, ցավով կողջունի, բայց կհասկանա, որ իր շանորդին այլևս չի պաշտոնավարում»:

Նրա խոսքով՝ երբ գերտերությունները որևէ երկրում որոշում են՝ ով լինի իշխանություն, ստացվում է այնպիսի իշխանություն, ինչպիսին այս պահին Հայաստանում է. «Այդ դեպքում այլևս սեփական երկրի շահը չի սպասարկելու այդ իշխանությունը: Պետք է կույր լինել՝ չարձանագրելու համար, որ աշխարհաքաղաքական գործոնը դեր ունենում է, բայց այս իրավիճակում իշխանափոխությունը Հայաստանում, նոր իշխանության ձևավորումը միայն հայ ժողովրդի շահերից է: Մի քանի օր առաջ էր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հոդված գրել, որ իրականում այսօրվա ընդդիմությունը լոկ սեփական ժողովրդի շահն է սպասարկում և կարող է շատ օտար խաղացողների, ուժային կենտրոնների ձեռք չտալ, որովհետև մենք այսօր Հայաստանում գործ ունենք մի իշխանության հետ, որը թեթևսոլիկ կանանց պես բոլորին խոստանում և բոլորի ցանկությունները բավարարում է»:

Գեղամ Մանուկյանը նկատեց՝ գործող իշխանության ամենամեծ դիվանագիտական կրախը 2018 թվականից հենց այն է, որ վստահելի գործընկեր չեն. «Բոլորն էլ հասկանում են, որ ամեն տեղ մի բան խոստանում է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հ.Գ. Հաղորդումը տեսագրվել է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի փոփոխման որոշումից առաջ։

Տեսանյութեր

Լրահոս