Երիտասարդները ԱՄՆ Կոնգրես են գնացել ԼՂ նախկին ղեկավարների մասին հիշեցնող վերնաշապիկներով
Ամերիկահայ երիտասարդներն ակցիա են անցկացրել ԱՄՆ–ում և Կոնգրես են գնացել վերնաշապիկներով, որոնց վրա պատկերված են եղել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վարժողական ծրագրի մասնակիցները երկու օրվա ընթացքում հանդիպել և հայկական հիմնախնդիրների մասին իրազեկել են ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 400 գրասենյակների աշխատակիցների։
Ակցիայի նպատակն է եղել ներկայացնել Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված և խոշտանգված հայ բանտարկյալների խնդիրը։
Երիտասարդները ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել գործողություններ ձեռնարկել` ապահովելու հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև ներքին օրենսդրության կիրառմամբ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար։
«Այնուհետև երիտասարդները ցուցադրական կերպով շարվել և ողջունել են Կոնգրեսի աշխատակիցներին, որոնք մասնակցում էին Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած ճեպազրույցին՝ հիշեցնելով Ադրբեջանի հակահայկական ագրեսիայի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ակցիայի մասնակիցները պարզել են նաև հայ պատանդների լուսանկարներով ցուցապաստառ։
Հայ դատի հանձնախմբի երիտասարդական պատվիրակությունը Կոնգրեսի անդամներին կոչ է արել անհապաղ քննարկել և ընդունել մի շարք կարևոր օրինագծեր, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելուն։