«Ամերիկային չի հետաքրքրում Հայաստանի անվտանգությունը. ուզածը Զանգեզուրի միջանցքն է». Հարութ Սասունյան

Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է ընտրի տարածաշրջանային համագործակցության, այլ ոչ թե՝ տարածքային պահանջների ճանապարհն այն դեպքում․ երբ հայկական կողմը շարունակ զիջում է, իսկ Ադրբեջանի պահանջներն ավելանում են։ Հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ասել է, թե Համաձայնագիրը երկարաժամկետ է, արժանապատիվ. «Այն բացառիկ հնարավորություններ կբացի երկու երկրների, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունների համար»։

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորում ԱՄՆ ակտիվությունը տարածաշրջանում, ԱՄՆ-ը արդյո՞ք պատրաստ կլինի նույն Բլինքենի նշած «արժանապատիվ համաձայնագրի» իրագործման երաշխավորը լինել։

«Հայաստանում սխալ տպավորություն կա, թե Ամերիկան իսկապես հետաքրքրված է Հայաստանով, Հայաստանի անկախությամբ, խաղաղությամբ կամ անվտանգությամբ: Այդպես չէ, Ամերիկան ոչ մի հետաքրքրություն չունի Հայաստանում: Ամերիկան ունի ավելի կարևոր հետաքրքրություն, որն իր շահերից է բխում, ոչ թե՝ Հայաստանի: Քանի որ կա Ուկրաինայի պատերազմը, որը ոչ միայն Ռուսաստանն ընդդեմ Ուկրաինայի է, այլև Ռուսաստանը՝ ընդդեմ ամբողջ Եվրոպայի և Ամերիկայի, այսինքն՝ ՆԱՏՕ-ի դեմ պատերազմ է, Ամերիկան անում է ամեն ինչ՝ ոչ միայն Կովկասում, այլև՝ այլ հատվածներում, որպեսզի Ռուսաստանին հեռացնի այդ շրջաններից, և ԱՄՆ-ը ինքը փոխարինի ՌԴ-ին այդ շրջաններում»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հարութ Սասունյանն ընդգծեց՝ հայ ժողովուրդը մշտապես մտածել ու մտածում է, թե դրսից փրկիչներ են գալու ու մեզ փրկեն. «Ամբողջ մեր պատմության ընթացքում միշտ սպասել ենք՝ ինչ-որ ուժ գա՝ մեզ փրկի: Բոլորը մեզ վրա հարձակվել են, ցեղասպանել են, կործանել են մեզ, երբեք որևէ մեկը չի եկել մեզ փրկելու, բայց մեր ժողովուրդը շարունակում է երազել, որ մեզ փրկելու են: Հիմա էլ այդ նույն վիճակում ենք: Երբ 2020-ի պատերազմի ժամանակ, 2021-ին Հայաստանի վրա հարձակման ժամանակ ՌԴ-ն մեզ օգնության չհասավ, ժողովուրդը սկսեց ասել՝ Ռուսաստանը մեզ չի փրկելու, բայց երանի այդտեղ կանգնեին, որ մեզ չի փրկելու, բայց շարունակում են՝ նշելով, թե Ամերիկան, Ֆրանսիան, Իրանը կամ Հնդկաստանը մեզ փրկելու են: Այսինքն՝ մենք անընդհատ փրկիչների փնտրտուքի մեջ ենք: Մենք երբեք չենք եզրակացնում, որ միայն մենք կարող ենք մեզ փրկել: Ամերիկան չի կարող այդ համաձայնագրի երաշխավորը լինել, քանի որ Ամերիկան ունի ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակից անդամ Թուրքիան, որը պատասխանատու է այդ տարածաշրջանի համար, իսկ Թուրքիայի փոքր եղբայրն Ադրբեջանն է: ԱՄՆ-ը կարիք չի տեսնում մեզ պաշտպանելու, որովհետև արդեն Թուրքիան և Ադրբեջանը կան: Ո՛չ փրկիչ ունենք, ո՛չ դաշնակից: Պետք է մենք մեզ համոզենք, որ մեզ փրկողը, մեր անվտանգությունն ապահովողը մենք ենք»:

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի գլխավոր պրոբլեմը Նիկոլ Փաշինյանն է. «Նա ո՛չ քաղաքական փորձառություն ունի, ո՛չ ռազմավարական: 6 տարի է՝ հետևում եմ իր ելույթներին, նա ամեն հարցում սխալ որոշման է հասնում, սխալ հայտարարություններ է անում: Այս մարդն անկարող է երկիր ղեկավարել, և չի կարող ոչ մի ճիշտ որոշում կայացնել ո՛չ դաշնակցի, ո՛չ թշնամու վերաբերյալ: Ինձ հարցնում են՝ արդյոք Փաշինյանը ճի՞շտ է անում, որ ՌԴ-ից հեռանում է, մոտենում է ԱՄՆ-ին, ես պատասխանում եմ՝ Փաշինյանն այնքան անկարող մի մարդ է, որ չի կարող ո՛չ ՌԴ-ի հետ նորմալ հարաբերություն մշակել, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպայի: Եթե կարող մարդ լիներ այդ աթոռի վրա, բոլոր երկրների հետ լեզու կգտներ, կիմանար՝ ոնց հարաբերվել տարբեր երկրների հետ, որովհետև ամեն երկիր իր շահերն ունի: Պետք է քո շահերը համապատասխանի այդ երկրի շահերին, որևէ երկիր իր շահերը չի զոհելու Հայաստանի համար: Ամեն երկրի գլխավոր պարտականությունն է՝ զարգացնել իր շահերը, ոչ թե՝ Հայաստանի»:

Նա շեշտեց՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, դժբախտաբար, ունեն այնպիսի ղեկավարներ, որոնք շատ լավ խաղում են երկու թելերի վրա՝ թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի. «Թուրքիան, լինելով ՆԱՏՕ անդամ, ունի սերտ հարաբերություններ ՌԴ-ի հետ, Ադրբեջանը շատ մոտ լինելով ՌԴ-ին՝ ունի շատ լավ կապեր Եվրոպայի հետ, իր գազը վաճառում է այնտեղ: Ադրբեջանն ու Թուրքիան գիտեն՝ ինչպես խաղալ այդ դիվանագիտական խաղը: Դրա համար եմ ասում՝ եթե ունենայինք մի կարող ղեկավար, նա բոլորի հետ այդ խաղերը կխաղար, բայց դա հատուկ քաղաքական գիտելիքներ է պահանջում, որը Փաշինյանը չունի»:

Նա պարզաբանեց, թե ինչու է ԱՄՆ-ը պարբերաբար խոսում Հայաստանի ժողովրդավարության մասին. «Փաշինյանը թեև անփորձ և անկարող է, բայց խորամանկ է, և շատ լավ հասկանում է՝ ինչպես խաբել ժողովրդին, և ինքն էլ է անընդհատ խոսում ժողովրդավարության մասին: Իրեն դուր է գալիս, որ Եվրոպան և Ամերիկան իրեն գովերգում են՝ որպես ժողովրդավար երկիր: Անշուշտ, գովերգում են ոչ թե ժողովրդավարության պատճառով, այլ, որովհետև Փաշինյանն անում է այն ամենը, ինչ իրենք ուզում են: ԱՄՆ վերջին ուզածը Հայաստանից Զանգեզուրի միջանցքն է. ուզում են, որ Հայաստանը միջանցքի արտոնություն տա, որովհետև դա հնարավորություն կտա, որ ասիական երկրներից մինչև Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Եվրոպա՝ ճանապարհն աշխատի: Դա բոլորի շահերից է բխում՝ բացի  Հայաստանից: Նրանց չի հետաքրքրում՝ ով է Հայաստանի ղեկավարը, այլ նայում են, թե իրենց շահերը ոնց կարող են հետապնդել: Եթե վաղը Փաշինյանը չլինի ղեկավար, ընդդիմությունից որևէ մեկը լինի, Ամերիկան շարունակելու է նույն իր դիրքորոշումը հետապնդել»:

Հարութ Սասունյանն անհիմն է համարում այն խոսակցությունները, թե Արևմուտքն է Փաշինյանին բերել իշխանության, որ Հայաստանը կործանի. «Ես այդ ամենին չեմ հավատում, դրանք անհիմն խոսակցություններ են, որևէ փաստ չկա»:

Դիտարկմանը՝ ասում են՝ Փաշինյանն Արևմուտքի, կամ ավելի վատ՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերն է պաշտպանում Հայաստանում, հետևաբար՝ նրանց կողմից է բերվել իշխանության, նա արձագանքեց. «Դա փաստարկ չէ, դա վերլուծություն է, որի իրավունքը մարդիկ ունեն: Եթե ես լինեի Արևմուտքում քաղաքական ղեկավար, իսկ Արևմուտքը շատ լավ գիտի Փաշինյանի անցյալը, ներկան, կարողությունները, ես ոչ մի հույս չէի կապի Փաշինյանի հետ: Փաշինյանն անկարող մարդ է և չի կարող ոչ մի ճշգրիտ հարաբերություն մշակել որևէ մեկի հետ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս