
Մասուդ Փեզեշքիանն ուշագրավ հայտարարություններ է արել՝ կապված հայ-իրանական հարաբերությունների և Հայաստան-Իրան սահմանի հետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հուլիսի 9-ի հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ուշագրավ հայտարարություններ է արել՝ կապված հայ-իրանական հարաբերությունների և Հայաստան-Իրան սահմանի հետ։
Վերջինս, մասնավորապես, ընդգծել է, որ Իրանի հարևանների շարքում Հայաստանը նշանակալի տեղ ունի, իսկ հայ-իրանական հարաբերությունները կարևոր են Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության համակարգում, ուստի Հայաստանի նկատմամբ Իրանի սկզբունքային քաղաքականությունն անխաթարելի է։
Շատ ուշագրավ է նաև նորընտիր նախագահի կողմից Հայաստան-Իրան սահմանի բնութագրումը, ըստ որի՝ թեև Հայաստանի հետ Իրանի սահմանը երկար չէ, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահման է։
Հարկ է նշել, որ Իրանի նորընտիր նախագահի հայտարարություններն ամբողջությամբ տեղավորվում են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի նախանշած հստակ և սկզբունքային քաղաքականության շրջանակում, որն, ի դեպ, հայ-իրանական սահմանը բնորոշել էր՝ որպես հազարամյակների սահման»։