Բաժիններ՝

Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին այցն է կատարել մայրաքաղաքից դուրս

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որի դեմ մայիսի 15-ին մահափորձ էր իրականացվել, իր առաջին ուղևորությունն է կատարել մայրաքաղաքից դուրս։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Սլովակիայի վարչապետը գյուղատնտեսության նախարարի հետ այցելել է երկրի արևմուտքում գտնվող Սլովենսկա Նովա Վես բնակավայրում գտնվող գյուղատնտեսական միավորում: Վարչապետը ծանոթացել է բերքահավաքի ընթացքին և արձանագրել, որ 2024 թվականին բերքն ավելի քիչ կլինի, քան նախորդ տարիներին

«Կլիմայական փոփոխություններն անհրաժեշտ է ընկալել որպես կայացած իրականություն: Դա է ապացուցում հանրապետությունում բերքահավաքի ավելի վաղ սկիզբը», – ասել է Ֆիցոն:

Վարչապետը նաև նշել է, որ Սլովակիան դեռ պատրաստ չէ վերացնել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ արգելքը։

Ֆիցոն քայլել է ձեռնափայտով և լրագրողների հարցերին չի պատասխանել։

Ֆիցոն հուլիսի 5-ին առաջին անգամ մասնակցել է պետական տոնի առթիվ կազմակերպված հանրային միջոցառման և հակիրճ ելույթ է ունեցել։

Մայիսի 15-ին Հանդլովա քաղաքում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստից հետո աջակիցներին ողջունելու ժամանակ Ֆիցոյի վրա մի քանի անգամ կրակել էր 71-ամյա մի տղամարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս