Ալիևը որքան փըշտ է անում, Փաշինյանն այնքան զիջումներ է անում. ի՞նչ Խաղաղության պայմանագիր. Խաչատրյան
Թեև Հայաստանի իշխանությունը հայտնում է պատրաստակամություն մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ի պատասխան դրան՝ Ադրբեջանի նախագահը հայկական կողմի առաջ հերթական նախապայմանն է դնում՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ, և առաջարկում կնքել ոչ թե Խաղաղության պայմանագիր, այլ հիմնական սկզբունքների մասին մի փաստաթուղթ։
«Խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Կարծում եմ՝ դա կարող է լինել հնարավոր տարբերակներից մեկը՝ հասնել հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, նախաստորագրել դրանք, այնուհետև աշխատել տեքստի վրա»,– ասել է Ալիևը երեկ Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանի իշխանությանը պարտադրվող հերթական պայմաններին, նշեց՝ Ալիևի պահանջներն անվերջ են, քանզի չկա Խաղաղության պայմանագիր կնքելու նպատակ։
«Ալիևը չի՛ գնա Խաղաղության պայմանագրի ստորագրման, որովհետև Ալիևը որքան փըշտ է անում, Փաշինյանն այնքան զիջումներ է անում, դրա համար է Ալիևն առաջարկում ստորագրել մի տեքստ՝ լղոզված՝ առանց վերջնական հստակեցումների։ Ուշադրության է արժանի այն, որ հայկական կողմն ասում է, թե մեկ ամսվա ընթացքում պատրաստ են կնքել Խաղաղության պայմանագիր. խորքում և՛ հայկական կողմի այս առաջարկը, և՛ Ալիևի առաջարկած նախաստորագրումը նույն բանն են։ Մեկ ամսվա ընթացքում կնքված թուղթը լինելու է լղոզված, ճղճիմ, կոնկրետությունից զուրկ թղթի կտոր։ Այս երկուսը նույն բանն են ասում. Չէ՞ որ երկու կողմն էլ կարող են նշել տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանգամանքը, բայց չէ՞ որ Ալիևն էլ ասում է, որ այն, ինչ Հայաստանի իշխանությունը համարում է Հայաստանինը՝ Ադրբեջանինն է»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ ուշադրություն պետք է դարձնել այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմն ընդհանրապես չի խոսում, օրինակ, Ջերմուկից իր զորքը հանելու մասին. Ջերմուկից ադրբեջանական զորքի դուրսբերման պահանջի մասին չի խոսում նաև միջազգային հանրություն ասվածը, այն նույն մարդիկ, որոնք Արցախում իրենց համար կարմիր գիծ էին համարում ուժի գործադրումը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը վստահ է՝ Ալիևին չհակադրվելու քաղաքականությունը Փաշինյանը վարելու է նաև Ալիևի կողմից պահանջվող Սյունիքի միջանցքի բացման հարցում, և պատահական չէ, որ իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, թե՝ ի՞նչ իմաստ ունի Սյունիքով 40 կմ-անոց հատվածում որևէ ռեժիմ սահմանել։
«Փաշինյանն իր երկարատև հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, թե՝ 40 կմ-ի վրա ի՞նչ իմաստ ունի թղթեր ստորագրելը։ Դրանով ինքն Ալիևին ասաց՝ այդ ճանապարհին կգործի այլ իրավասություն. ոչ այնպիսին, ինչպիսին գործում է հայաստանյան այլ ճանապարհների վրա։ Ալիևին ճանապարհ կտան, որի վրա կգործի այլ ռեժիմ, բայց կասեն, թե միջանցք չեն տվել։ Ադրբեջանն այդ պարագայում Հայաստանով անցնող վագոնները կարող է պայթեցնել, ապա մեղադրել Հայաստանին անվտանգություն չապահովելու համար և ուժով մտնել Սյունիք»,- ասաց Խաչատրյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.